Թռչունների կենսագործունեության արտաթորանքը ուժգին ազդեցություն է թողնում մեքենայի լաքաներկային ծածկույթի վրա, հաղորդում է RG-ը:

Գյուղատնտեսության համար արժեքավոր պարարտանյութը պարունակում է թթուներ, որոնք ունակ են քայքայել թափքի մակերեւույթի պոլիմերային շերտի ամբողջականությունը:

Ford ընկերությունը թողարկել է կարճ ճանաչողական տեսանյութ, որում պարզորեն եւ հումորով հանդիսատեսը ծանոթանում է նրան, թե ինչպես են մասնագետները հոգ տանում, որ դեպի ավտոլվացման կետ հետաձգված այցը պատճառ չդառնա լաքաներկային շերտը վերականգնելու համար:

Այդ նպատակով ընկերության լաբորատորիայում ի լրումն սովորական դարձած ջերմային թեստերի, ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության, աղերի եւ բենզինի, փորձարկում են, թե լաքաներկային ծածկույթը որքանով է դիմացկուն թռչունների արտաթորանքի նկատմամբ: Որեւէ փետրավոր չի տուժում փորձարկումների ժամանակ. նրանց արտաթորանքի բաղադրությունն իմիտացնում են թթուների եւ լվացող հեղուկների լուծույթով: Եթե ներկող բաղադրությունը չի անցնում թեստը, ապա այն այլեւս երբեք չի կիրառվում Ford ավտոմեքենաների վրա:

Սակայն մասնագետները խորհուրդ են տալիս թռչունների թողած հետքերը լվալ հնարավորինս արագ, դա ոչ միայն կխնայի արտաքին շերտը, այլ նաեւ թույլ կտա հեշտացնել հետքերը մաքրելու հետագա աշխատանքը: