Հայաստանի Սահմանադրության որեւէ խմբագրության տակ չկա երկրի նախագահի կամ որեւէ այլ պաշտոնատար անձի ստորագրությունը: Այս մասին, այսօր՝ հունիսի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հանձնաժողովի նածխագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով նրան, որ ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությամբ ՀՀ նախագահը զրկվել է սահմանադրական փոփոխությունները ստորագրելու իր լիազորությունից:
«Սա գուցե պայմանավորված է եղել նրանով, որ ՀՀ-ում Սահմանադրությունը մշտապես փոփոխվել կամ ընդունվել է հանրաքվեի միջոցով: Հիմա առաջին դեպքն է, երբ ԱԺ-ի կողմից է փոփոխվում; Բայց Սահմանադրությունն ասում է, որ ՀՀ նախագահն ունի միայն այնպիսի լիազորություններ, որոնք նախատեսված է Սահմանադրությամբ: Սա խնդրահարույց է, որովհետեւ սահմանադրության նորմերի միջեւ չկա հիերարխիա: Եվ ստացվում է, որ եթե Սահմանադրւթյունը հանրաքվեով է փոխվում, ոչ ոք չի ստորագրում, իսկ եթե նույն փոփոխությունն արվում է ԱԺ-ի կողմից, այն պետք է գնար նախագահի մոտ:
Բացի այդ, սահմանադրական փոփոխությունները ստորագրելու առումով ՀՀ նախագահը որեւէ լիազորություն չունի, չի կարող դիմել ՍԴ, չի կարող հրաժարվել ստորագրությունից:
Անհասկանալի է, թե արդյոք սահմանադրական փոփոխությունը նեղ առումով պե՞տք է դիտարկել որպես օրենք: Սա գալիս է նրանից, որ մենք վերցրել ենք ինչ-որ X պետության սահմանադրական մոդել, դրանում կատարել ենք ինչ-որ փոփոխություններ, բայց արդյունքում ձեւախեղել են»,-ասաց նա:











