Եթե խոսում ենք միջազգային գործընկերների կարծիքի մասին, ապա ի դեմս Վենետիկի հանձնաժողովի եզրակացության, ես կարծում եմ ամեն բան առավել քան հստակ է այդ եզրակացության մեջ: Այս մասին, այսօր՝ հունիսի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով հարցին, թե միջազգային գործընկերներն ինչպես կվերաբերվեն նրան, որ ՍԴ-ի մասին հարցը ԱԺ-ն քննարկեց բացառապես իշխող մեծամասնության միջոցով, ընդդիմությունը ներկա չէր:
«Վենետիկի հանձնաժողովի եզրակացության առանցքային եւ կոնցեպտուալ հատվածի հետ մենք տարաձայնություն չունենք, իսկ մնացյալ դետալների առումով մենք ընտրել ենք այն ճանապարհը, որը կարծում ենք՝ այս լարված իրավիճակը կարող է թուլացնել եւ հանգուցալուծման հասցնել: Նաեւ հիշեցնում եմ, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը խորհրդատվական է եւ պարտադիր բնույթ չի կրում»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է նրան, որ քվեարկությանը մասնակցեց միայն իշխող մեծամասնությունը, Մակունցն ասաց. «Նախ ընդդիմության իրավունքն է՝ մասնակցել ԱԺ նիստերին, թե ոչ, այստեղ մեծամասնությունը որոշում չի կայացնում: Մյուս կողմից Սահմանադրությամբ եւ ԱԺ կանոնակարգ օրենքով հստակ սահմանված է, թե ինչպես են ընդունվում ԱԺ որոշումները: Այն, որ այս պահին քաղաքական մեծամասնությունը նաեւ սահմանադրական մեծամասնություն է խորհրդարանում, դա որեւէ կերպ չի արգելում որեւէ գործողություն իրականացնել եւ ըստ մեր հավատամքի քվեարկություններ անցկացնել»:











