«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն նամակով դիմել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին եւ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալ Վահե Ջիլավյանին: Նամակում նշված է. ««ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն եւ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ն ոռոգման ջրի անբավարարության մասին ահազանգ են ստացել Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքի բնակիչներից: Տեղում ուսումնասիրելով իրավիճակը, կատարելով պաշտոնական փաստաթղթերի ուսումնասիրություն՝ պարզել են հետեւյալը: Հայաստանի խոշորագույն գյուղերից մեկը հանդիսացող Ներքին Գետաշենի 100-ից ավելի հեկտար հողատարածքներ մնացել են անջրդի ոռոգման ջրի սակավության պատճառով: Գյուղի ոռոգման հիմնական աղբյուրը Արգիճի գետն է: Ներքին Գետաշենն իր 539.18 հա հողերի ոռոգման խնդիրը լուծում է՝ օգտվելով «Գեղարքունիք» ՋՕԸ-ի ծառայությունից, ինչպես նաեւ 2018թ-ին Ներքին Գետաշենի համայնքապետարանի կողմից ստացված ջրօգտագործման թույլտվություններով (Արգիճի գետից 1,814  միլիոն խմ եւ 1 խորքային հորից 0,285 միլիոն խմ)  սահմանված ջրաքանակների հաշվին: Տեղում կատարած տեղազննման եւ բնակիչների հետ անցկացված հարցազրույցներից պարզ դարձավ, որ բացի վերոնշյալ աղբյուրներից, բնակչության մի զգալի մասը՝ մոտ 300 տնտեսություն, ոռոգման ջրի իր կարիքները հոգում է Արգիճի գետից ինքնաշեն (առանց ջրօգտագործման համապատասխան թույլտվության) համակարգերի օգտագործմամբ, սակայն նրանք հիմնականում մնում են առանց ջուր «Արգիճի» փոքր ՀԷԿ-ի եւ այլ ջրօգտագործողների կողմից ոռոգման սեզոնին գետից ջրառի արդյունքում:

Այսինքն, ստեղծվել է ջրառի չկանոնակարգված եւ քաոսային իրավիճակ, ինչը հանգեցրել է սոցիալական լուրջ խնդիրների եւ կոնֆլիկտների, որն ավելի քան սրվել է COVID-19-ի համավարակով պայմանավորված արտագնա աշխատանքի չմեկնած մարդկանց հողագործությամբ զբաղվել չկարողանալու պատճառով: Ըստ Ներքին Գետաշենի շահառու բնակիչների՝ այս իրավիճակը պայմանավորված է նաեւ «Գեղարքունիք» ՋՕԸ-ի կողմից իրենց ոռոգման համակարգի ոչ ճիշտ կառավարման արդյունքում  համակարգի քայքայմամբ եւ ջրի անարդարացի բաշխմամբ,  ինչն առիթ է տվել, որ նրանք հրաժարվեն ՋՕԸ-ի ծառայություններից: 

Ոռոգման ջրի կոնֆլիկտները շարունակական են եւ սկսվել են 2012թ-ից՝ «Արգիճի» ՓՀԷԿ-ի կառուցումից հետո, որը տարեկան 50.1 միլիոն խմ ջուր է վերցնում Արգիճի գետից 9527մ երկարությամբ  խողովակաշարով՝ սակավաջուր թողնելով գետի զգալի հատված եւ Մադինա, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն համայնքների հողատարածքները: Այս կոնֆլիկտները լուծում են գտնում ոչ իրավական դաշտում, այլ համայնք-ՋՕԸ-ՓՀԷԿ ղեկավարության անձնական փոխպայմանավորվածությունների հիման վրա, ինչը չի տալիս իր ցանկալի արդյունքը, քանի որ «Արգիճի» փոքր ՀԷԿ-ը խախտում է պայմանավորվածությունը՝ օգտագործելով գետի ջուրը ոռոգման սեզոնին: Նշենք, որ «Արգիճի» ՓՀԷԿ-ի շահագործման ՋԹ-ի ժամկետն ավարտվել է 2017թ. մարտի 21-ին: Մեր կողմից ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ առ այսօր ՓՀԷԿ-ի նոր կամ երկարացրած ՋԹ-ի տրամադրումը բացակայում է, եւ, ըստ էության, ՓՀԷԿ-ն աշխատում է ապօրինի: Ավելին, «Արգիճի» ՓՀԷԿ-ի կառուցման եւ շահագործման թույլտվությունները եղել են անօրինական, քանի որ ՓՀԷԿ-ի կառուցման պահին ՓՀԷԿ-ի կառուցման համար տրված թույլտվություններն արդեն իսկ կորցրել էին իրենց իրավական ուժը, ազդակիր համայնքներում չեն անցկացվել հասարակական լսումներ,  հետեւաբար բացակայում են հասարակական լսումներից պահանջվող արձանագրությունները:

Նշենք նաեւ, որ ի թիվս Սեւանա լիճ թափվող գետերի վրա կառուցված եւ շահագործվող  մյուս ՓՀԷԿ-երի, «Արգիճի» ՓՀԷԿ-ը եւս խախտում է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի պահանջները, քանի որ ՓՀԷԿ-երի շահագործման արդյունքում ոչնչանում է  Սեւանի ավազանի յուրահատուկ եւ էնդեմիկ ձկնաշխարհը, խախտվում է Սեւանա լճի ավազանի էկոհամակարգը:  

Ելնելով  վերոնշյալից՝ խնդրում ենք`

բարձրացված խնդիրներին տալ վերջնական համակարգային լուծումներ

կասեցնել «Արգիճի» ՓՀԷԿ-ի անօրինական գործունեությունը

կարգավորել Արգիճի գետից ջրի բաշխումը՝ առաջնահերթ հաշվի առնելով բանկիչների կարիքները»: