Այն բանից հետո, երբ մոսկովյան շուկաներից մեկում հայկական ծիրանը բարբարոսաբար կոխկրտելու ակցիային հաջորդեց հայկական բեռնատարների մուտքի արգելքը ադրբեջանցիների հսկողության տակ գտնվող մեծածախ շուկաներ, համախմբման կոչեր հնչեցին՝ օգնելու մեր արտահանողներին՝ իրացնել Ռուսաստանի մայրաքաղաք հասցրած գյուղմթերքը։ Մեծահարուստ բարերար Սամվել Կարապետյանը տարածք հատկացրեց՝ բեռնատարների կայանման եւ առեւտուրը կազմակերպելու համար։ Մոսկվայի հայերն էլ կիլոմետրանոց հերթեր գոյացրին հայկական ծիրանը գնելու համար:
Հայ ազգի առաջ դուռ փակելը ճիշտ չէ,ինչը պետք է բոլորին ապացուցենք, ծիրան գնելու համար հավաքված հայերին հայտարարեց մոսկվայաբնակ գործարար Սարիբեկ Գեւորգյանը, որը 6 ամսով անվճար 247 հազար քառակուսի մետր տարածք է հատկացրել հայկական ապրանքների իրացման համար։ Նրա միակ պայմանն է, որ այն 10 տոկոս վարձը, որ ձեռներերցները պետ է վճարեին այլ շուկաներին, պարտավորվում են ուղարկել Հայաստան՝ զինծառայողների հիմնադրամին։
Ծիրանի համար հերթ կանգնած հայերի համար նաեւ հյուրասիրություն է կազմակերպվել: Այս մասին հայրենակիցներին ֆեյսբուքյան լայվով տեղեկացրել է մոսկավայաբնակ հանդիսավար Էդգար Համբաձումյանը։
Ի վերջո միջոցառումը վերածվել է յուրատեսակ ծիրանօրհնեքի ու տոնախմբության։ Հնչել են ռազմահայրենասիրական երգեր, հավաքվածներն էլ շուրջպար են բռնել։ Տեղացի հայերն էլ ավելի ուշ ծանոթ-անծանոթների են բաժանել մեծ քանակով գնած ծիրանը։
Օրվա երկրորդ կեսին, սակայն, պարզ երկնքում ամպրոպի տպավորություն գործեց RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի գրառումը «Telegram» ալիքում։ Սիմոնյանը շեշտել էր, որ դիմում է հենց իշխանություններին, այլ ոչ ժողովրդին, թեեւ հետագայում այն ներկայացվեց որպես վիրավորանք հարազատ ժողովրդի հասցեին։ Հայտնի խմբագիրը նաեւ շեշտել էր, որ իրեն այդ քայլին դրդել են իշխանությունների համացանցային զորքերը, որոնք գոմաղբով աղտոտել են իր օգտահաշիվները՝ բռի եւ ագրեսիվ ձեւով պահանջելով դիրքորոշում հայտնել: «Դուք ի՞նչ հայեր եք, հայերն ազնվաբարո եւ վեհանձն ժողովուրդ են, իսկ դուք ձեզ պահում եք ինչպես․․․», Սիմոնյանը միտքը չի ավարտել անվայել բառեր չգրելու համար, այնուհանդերձ, ավելի ուշ շեշտել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացրած իշխանություններն «ուղղակի աղաղակող պոլիտիկանների կույտ են, որոնք հայ մեծ ժողովրդի շահերը դավաճանել են հանուն րոպեական իշխանության եւ մանրախնդիր անձնական վրեժխնդրության»։ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի ու որոշ պատգամավորների՝ վիրավորական բառերով գրառումներից հետո ակտիվիստներ հայտնվեցին, որոնք ստորագրահավաք նախաձեռնեցին՝ Սիմոնյանից՝ ազգանունը փոխելու անհեթեթ պահանջով։
Իսկ սահմանին վերջին օրերին համեմատաբար հանգիստ է եղել։ Անցած գիշերը նույնպես․ անկանոն կրակոցների մեծ մասի դեպքում հայկական ուժերը պատասխան կրակ չեն վարել, ասել է Իջեւանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը: Կենտրոնն ամփոփել է աշխատանքը, շնորհակալություն հայտնել Պաշտպանության ու արտաքին գործերի նախարարությունների խոսնակներին՝ թիմային աշխատանքի համար։
Իսկ Հայկական բանակում աննախադեպ հետաքրքիր զարգացում է արձանագրվել․ 3-րդ կորպուսի զորացրման ենթակա զինծառայողները միահամուռ դիմել են հրամանատարությանը` խնդրելով դադարեցնել զորացրումը եւ թույլատրել շարունակել ծառայությունը, քանի դեռ հաղթանակի վերջակետը դրված չէ եւ քանի դեռ հակառակորդը ոտնձգությունների մտադրություն ունի։ Այս մասին գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը եւ ավելացրել, որ արդեն իսկ զորացրվածներն են դիմել զորակոչային ստորաբաժանումներ՝ իրենց ծառայավայր վերադառնալու ու զինակիցների կողքին կանգնելու խնդրանքով։
Շաբաթ օրը Շուշան Ստեփանյանը նաեւ տեսանյութ ր տարածել զորակոչի ընթացքից, նշելով, որ տղաները հպարտ են Հայկական բանակում ծառայելու համար: «Մեր հույսի ու երազանքի բանակը: Իսկ մենք էլ հպարտանալու ենք իրենցով եւ, ինչպես միշտ, ի լուր աշխարհի հայտարարելու ենք. բանակ ունենք»,- գրել է նա: Հայկական բանակում ծառայելու առիթով հպարտություն հայտնած զորակոչիկներից մեկը նաեւ արտասանել է ու հնչեցրել «Գետաշեն» երգը։
Տեսանյութ է տարածել նաեւ Արծրուն Հովհաննիսյանը՝ այն վերնագրելով «Մեր տղերքը»:
Հանգստյան օրերին պաշտպանական գերատեսչությունը լուսանկարներ է հրապարակել, թե ինչպես են ադրբեջանցիները մարտերից հետո տեղափոխում է մետաղի ջարդոնի վերածված իրենց 3 տանկը: Հաղորդվեց, որ դրանք խոցվել են հայկական արտադրության թռչող սարքերով։ Իսկ այդ ընթացքում հայ հակաօդայինները վայր գցեցին եւս մեկ Օրբիտեր տիպի ադրբեջանական անօդաչու թռչող սարք։
Իսկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շաբաթ գիշեր մարտական հերթապահության է կանգնել։ Նա, պաշտպանության բանակի շտաբի պետ Կամո Վարդանյանի ուղեկցությամբ, այցելել է Արցախի, թերեւս նաև աշխարհի ամենաբարձր մարտական դիրք՝ Գոմշասար, որը ծովի մակերեսից ավելի քան 3700 մետր բարձր է։ Նախագահը դիրքապահ տղաների հետ անձամբ հետևել է առաջնագծի այդ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին:
Արձանագրվել է նաեւ ցավլի լուր․ շաբաթ կեսօրին հրազենային վնասվածով հոսպիտալի ճանապարհին էլ մահացել է ժամկետային զինծառայող 20-ամյա Ալիկ Մանուկյանը։ Նա Վայոց Ձորի մարզի Արենի համայնքից էր, զորացրվելուն մնացել էր 6 ամիս: Քննություն է ընթանում զինվորի մահվան հանգամանքները պարզելոի համար։
Ադրբեջանի ագրեսիայի դեմ հայ համայնքը ցույցեր է արել Եվրոպայի ու Ամերիկայի տարբեր քաղաքներում։ Հաագայում Ադրբեջանի ներկայացուցչույան դիմաց հավաքվածներից մեկը հայտարարել է․ «Եկել ենք ասելու, որ չփորձեք մեր ազգի հետ խոսել պատերազմի լեզվով»: Հայերը կատարել են ռազմահայրենասիրական երգեր, վանկարկումներ հնչեցրել։
ՀՅԴ Հոլանդիայի Հայ դատի գրասենյակի և Հայկական կազմակերպությունների ֆեդերացիան էլ Ամստերդամում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ակցիա է իրականցրել:
Մեծ թվով հայեր էին հավաքվել Փարիզում Ադրբեջանի դեսպանատան դիմաց, որոնք իրենց բողոքն են հայտնում ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի:
Հավաքվածներն իրենց հետ բերել են Հայաստանի դրոշներ եւ պաստառներ, կատարել Հայաստանի օրհներգը:
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան մոտ հավաքված հայ ցուցարարների ու ադրեջանցիների հավանական բախումը կանխել են ոստիկանները։ Այստեղ եւս հայերը պահանջել են ընդունել Արցախի անկախության իրողությունը։ Երթեր ու ցույցեր են կազմակերպվել նաեւ Քյոլնում եւ այլ քաղաքներում։
Բանակին օգնելու թեմայով Ֆեյսբուքյան գրառում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա գրել է, որ շատերն են այս օրերին ցանկանում օգնել Հայկական Զինված ուժերին եւ ինքը հորդորում է ցանկություն ունեցողներին նվիրատվություններ անել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Վարչապետը նաեւ խնդրել է ձեռնպահ մնալ բանակի համար որեւէ գույք ձեռքբերելու նախաձեռնությունից:
«WarGonzo» նախագծի հեղինակ, ռուսաստանցի զինվորական թղթակից Սեմյոն Պեգովը, որին հաջողվել է մոտենալ առաջնագծին, նկարահանել է Աղդամ գյուղի մերձակայքում տեղակայված ադրբեջանական դիրքերն ու խրամատները: «Մենք փաստորեն առաջինն ենք, որ հայկական Անվախ անունը կրող դիրքում ենք․․․ Այստեղից երեւում է ադրբեջանական դիրքը, որի հետեւում ադրբեջանական բնակչության մոտ թաքցրել են իրենց հրետանին, որտեղից գնդակոծում են հայկական բնակավայրերը, որպեսզի հայերը չկարողանան պատասխանել եւ վնասել նրանց խաղաղ բնակավայրերին», ասել է Պեգովը։
Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային դրության կարգավորման հույս է հայտնել Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով նաեւ հանգամանքին, որ լարվածություն է նկատվում նաեւ ռուսաստանաբնակ հայերի ու ադրբեջանցիների միջեւ։ «Մենք հույս ունենք, որ իրավիճակը որքան հնարավոր է արագ կկարգավորվի, եւ այսպիսով զգայական ֆոնը կվերադառնա նորմալ հուն»,- շեշտել է Պեսկովը:
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն էլ կիրակնօրյա մաղթանքի ընթացքում կոչ է արել երկխոսության միջոցով ապահովել Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտության երկարաժամկետ լուծումը։ «Մտահոգությամբ եմ հետեւում վերջին օրերին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական լարվածության բարձրացմանը»,-հայտարարել է կաթոլիկ աշխարհի հովվապետը։ Ֆրանցիսկոս պապն աղոթել է զոհվածների ընտանիքների համար։
Մինչ Մոսկվայի հայերն օգնում էին իրացնել Մոսկվայի մեծածախ շուկաներից դուրս մղված հայկական գյուղմթերքը, Երեւանի քաղաքապետարանն ագելել է Կոմիտասի գյուղատնտեսական շուկայի առեւտրականներին իրացնել իրենց ապրանքը։ Իշխանությունն առաջարկում է այսօր ապրանքը վաճառել Կոմիտասի շուկայում, մինչեւ կփորձեն առավել հարմար տարածք գտնել:
Երկուշաբթի առավոտյան արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 104 նոր դեպք, թիվը նախորդ օրերի համեմատ քիչ է, բայց նշենք, որ թեստավորվել է ընդամենը 391 մարդ։
Ընդհանուր թիվը հասել է 34981 դեպքի: Մահացել է 9 մարդ, որոնցից ամենաերիտասարդը 53-ամյա կին է։ COVID-19-ից մահացածների ընդհանուր թիվը 650 է։ Կորոնավիրուս ունեցող, բայց այլ հիվանդություններից մահացածների թիվը 201 է:
Զարհուրելի սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Վանաձորում 58-ամյա Կամո Պ-ն սպանել է մորը, անդամահատել, պոլիէթիլենային պարկով դուրս հանել տնից և աղբամանի մեջ այրել։ Ըստ Shamshyan.com-ի՝ նախկինում դատապարտված մայրասպանը ձերբակալվել է։
Արմավիր քաղաքի մի քանի հասցեներում ռումբի մասին ահազանգը կեղծ է:
Այսօր Ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ էր ստացել, որ Արմավիրի «Իսսո մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնում, «ՎՏԲ» բանկի մասնաճյուղերից մեկում և «Վիգառո» խանութ սրահում ռումբ է տեղադրված։ Քաղաքացիները տարհանվել են, ռումբերի որոնումներն արդյունք չեն տվել։
Դատարանի որոշմամբ այսօր երկու ամսով կալանավորվել է սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանը։ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էր դիմել Բարձրագույն դատական խորհրդին՝ դատավորներ Գևորգ Նարինյանի եւ Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով եւ ԲԴԽ-ն համաձայնությունը տվել էր։
Հետքննական կրքեր են բորբոքվել Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարան չընդունվածների շրջանում։ Դիմորդների ծնողները բողոքի ակցիա են իրականացրել բուհի դիմաց: Նրանց անհայտ պատճառներով 7-8 բալ ստացած որոշ դիմորդներ ընդունվել են, իսկ 16 բալ հավաքածները՝ ոչ:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.19 դրամով ու կազմել 482.81 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.29 դրամով ու հասել 553.06 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.51 դրամով ու հասել 607.86 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.01 դրամով ու կազմել 6.73 դրամ։
Հայաստանի որոշ շրջաններում հուլիսի 21-ին ցերեկը սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ: Առանձին վայրերում կտեղա կարկուտ: Օդի ջերմաստիճանի անկում սպասվում է հուլիսի 23-ից։ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +25 +27, վաղը ցերեկը՝ +38 +40:











