Մեկնարկել է ԵՊՀ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ընդունելություն՝ 2020-2021 ուսումնական տարվա համար։ Այս տարի ևս լավագույն ուսանողները հնարավորություն կստանան օգտվել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Հայաստանում Ֆիլիպ Մորրիսի գիտահետազոտական կենտրոնի կողմից տրամադրվող ֆինանսավորումից, իսկ Սան Խոսեի պետական համալսարանի հետ համագործակցության շնորհիվ ուսանողները հնարավորություն կունենան նաև շարունակել ուսումը Սիլիկոնյան հովտում։ Ծրագրի և ընդունելության վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ 

Դիմումները կարող եք ներկայացնել առցանց մինչև սույն թվականի օգոստոսի 24-ը։ Շտապե՛ք։

1 րոպեի ընթացքում Google որոնողական համակարգում կատարվում է 3,8 միլիոն հարցում, Youtube-ում դիտվում է 4,5 միլիոն հոլովակ, առցանց առևտրի վրա ծախսվում է մոտ 1 մլն ԱՄՆ դոլար։ Մինչև 2025 թվականը ակնկալվում է տվյալների ընդհանուր ծավալի 61% աճ ամբողջ աշխարհում։ Տվյալների այս հսկայական ծավալները անհրաժեշտ է դառնում վերլուծել։ Ու բոլորովին էլ զարմանալի չէ, որ Data Science մասնագետների՝ տվյալագետների պահանջարկը տարեկան աճում է 29%-ով։ Այո, տվյալագիտությունն առավել քան անհրաժեշտ մասնագիտություն է մեր դարում։

Արդեն երեք տարի է, ինչ Երևանի պետական համալսարանում գործում է իր տեսակի մեջ առաջին «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը։ Այն ժամանակակից ուսուցման հնարավորություն է տալիս հայ տաղանդավոր երիտասարդներին։ 2020 թվականի դրությամբ մագիստրոսական ծրագիրն ունի շրջանավարտների երկու խումբ, ու գրեթե բոլորն աշխատում են իրենց մասնագիտությամբ Հայաստանի տեղական և միջազգային կազմակերպություններում, ինչպես նաև արտասահմանում։

ԵՊՀ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրն իրականացվում է Սան Խոսեի պետական համալսարանի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ու Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ՝ PMI Science-ի աջակցությամբ։ 2017 թվականից ի վեր PMI Science-ի աջակցությամբ արդեն իսկ տրամադրվել է 43 ֆինանսավորում՝ օգնելով ուսանողներին հոգալ ուսման հետ կապված ծախսերը։

PMI Science-ի՝ ծրագրին աջակցելու ձգտումն առավել քան հասկանալի է։ Ֆիլիպ Մորրիսը կարևորում է Հայաստանում տեխնոլոգիական ու գիտահետազոտական մշակույթը: Դա է պատճառը, որ 2017թ. Ընկերությունը ՀՀ Կառավարության, Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանի և Երևանի Պետական Համալսարանի հետ ստորագրեց փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանում գիտահետազոտական կենտրոն հիմնելու ու կրթական և հետազոտական ծրագրերի աջակցելու մտադրությամբ։ PMI Science-ը Հայաստանում արժեհամակարգ է ձևավորում ու օգնում գիտությամբ զբաղվող մարդկանց հավատալ, որ Հայաստանում գիտությունն առավել քան արդի է ու, ինչու ոչ, նաև եկամտաբեր։ Գիտահետազոտական կենտրոնում առկա է տվյալագիտության մի ամբողջ բաժին, որի աշխատանքի արդյունքն անմիջապես օգնում է ընկերության Շվեյցարական գիտահետազոտական կենտրոնի աշխատանքներին։ Զարգանում է ոլորտը, զարգանում են գիտությունն ու բիզնեսը։

«Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի մշակման հենքում ընկած է համաշխարհային կրթական լավագույն փորձը։ Արդիական ու հեռանկարային այս մասնագիտությունը սերտել ցանկացողների համար առկա են հատուկ պայմաններ․ դասերի մի մասն անցկացվում է ISTC կենտրոնի լսարաններում, ազատ օգտագործման են տրամադրվում համակարգիչներ, սերվերներ, ծրագրային ապահովում։ Բիզնեսի հետ անմիջական կապի հարցն էլ է լուծված․ ուսանողները կիրառական գիտելիք և հմտություններ ստանալու նպատակով կարողանում են հաղորդակցվել ISTC կենտրոնի ստարտափ ընկերությունների հետ։ Բացի այդ, Ծրագրի շրջանակում ձևավորվել են սերտ կապեր ԱՄՆ Սիլիկոնյան հովտի հայտնի ուսումնական կենտրոնների և ընկերությունների հետ։ Հատկանշական է համագործակցությունը Սան Խոսեի պետական համալսարանի հետ, որի շնորհիվ հնարավոր է դարձել ուսանողների երկրորդ տարվա ուսումը կազմակերպել հենց այնտեղ՝ շնորհելով կրկնակի դիպլոմ։ Մեկ այլ կարևոր ձեռքբերում է աշխարհահռչակ NVIDIA ընկերության հետ համագործակցությունը, որը հնարավորություն է տալիս կրթական ծրագրում ներառել ոլորտի լավագույն և նորարար փորձը, ինչպես նաև վերապատրաստել դասախոսական կազմին։