Շատ մեղադրանքներ հնչեցին իմ հասցեին այսօր և վերջին 2, 3 շաբաթների ընթացքում ագիտացիա էր կազմվում այդ ուղղությամբ, թե ինչու ԲՈԿ-ը զրկեց Դիանա Գալոյանին դոկտորի գիտական աստիճանից, բայց ոչ մի կերպ չզրկեց Տնտեսագիտական համալսարանի նախկին ժ/պ Ռուբեն Հայրապետյանին՝ դոկտորի գիտական աստիճանից։ Եվ ասեմ, որ վարչական վարույթը բավարարող այդ 28 և 34 էջանոց փաստաթղթերի մեջ այդ մասին նույնպես գրված էր։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանն՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության կողմից Դիանա Գալոյանի բողոքները բավարարելուն և ԲՈԿ նախագահի հրամաններն անվավեր ճանաչելուն ։
«Մեկնաբանվում էր, որ Սմբատ Գոգյանը ռեկտորի նախկին թեկնածուին արդարացնում էր, մյուսին մեղադրում։ Դա հերքելու համար պարզապես մի բան ասեմ, որ Ռուբեն Հայրապետյանի ատենախոսությունը նայող հանձնաժողովի մեջ ինքս եղել եմ և ասել ենք, որ կան արտագրություններ»,- նշեց նա ու մանրամասներ պատմեց։
Սմբատ Գոգյանը հիշեցրեց, որ դեռ անցյալ տարի՝ օգոստոսին, նախարարությունում խոսակցություն է եղել, որ ԲՈԿ-ը պետք է զրկի Ռուբեն Հայրապետյանին դոկտորի գիտական աստիճանից, սակայն իրավաբանական վարչությունը հստակ տեսակետ չի հայտնել և Սմբատ Գոգյանը ստիպված գրություն է ուղարկել Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին։
«Գրությունն ուղարկել էինք դեկտեմեբերի 9-ին և դեկտեմբերի 26-ին պարոն Բադասյանից պատասխան ստացանք, որ ԲՈՀ-ը եղել է վարչական մարմին, նրա բոլոր հրամանները վարչական ակտեր են և ԿԳՄՍ-ն իրավունքի ունի ԲՈՀ-ի և ԲՈԿ-ի բոլոր հրամանները վերադասության կարգով չեղյալ համարել։ Դա նշանակում էր, որ ԿԳՄՍ-ը պարտավոր էր վարչական վարույթ հարուցել, ուսումնասիրել գործը և որոշում կայացնել Ռուբեն Հայրապետյանին գիտական աստիճանից զրկելու վերաբերյալ, սակայն դա տեղի չունեցավ»,- ասաց նա։
Ըստ պարոն Գոգյանի՝ մեկ այլ հարցով ԿԳՄՍ նախարարի կողմից Արդարադատության նախարարություն գրություն է ուղարկվել, թե արդյո՞ք ԲՈԿ-ը կարող է չեղյալ համարել իր ակտերը, և փետրվարի 10-ին դրական պատասխան են ստացել։
«Արդարադատության նախարարի կողմից այդ պատասխանը ինձ է ուղարկվել փետրվարի 19-ին, և այդ պատասխանին ուղեկցվող գրության մեջ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գրել է՝ «ընդունել ի գիտություն, հիմքերի առկայության դեպքում վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքով սահմանված կարգով ձեռնարկել համապատասխան միջոցներ և արդյունքերի մասին տեղեկացնել նախարարությանը»։ Դա ստանալուց հետո, բնականաբար, ուսումնասիրեցինք վարչարարության մասին օրենքը, և այնտեղ գրված է, որ խախտումը բացահայտելու դեպքում, վարչական մարմինը պարտավոր է 6 ամսվա ընթացքում վարույթ հարուցել, իրականացնել լսումներ և կայացնել որոշում։ Կրկնեմ, որ այդ գրությունը մենք ստացել ենք փետրվարի 19-ին, իսկ Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության մասին փաստերը հրապարակվել էին օգոստոսի 23-ին։ Եթե օգոստոսի 23-ին գումարենք ուղիղ 6 ամիս, ինչը վարչարարության մասին օրենքով այն մաքսիմալ ժամկետն է, որ կարող էր ձգվել, ստանում ենք փետրվարի 23-ը։ Այսինքն՝ ամսի 19-ին, հինգշաբթի օրով մենք ստացել ենք գրություն, որ իրավունք ունենք, ինչպես նաև կա նախարարի հանձնարակական, որ նախաձեռնենք միջոցներ, և դրանից հետո կա երկու աշխատանքային օր՝ փետրվարի 20 և 23, երբ ԲՈԿ-ը կարող էր որոևէ որոշում կայացնել, բնականաբար, այդ երկու օրերիը ը նթացքում հնարավոր չէր սկսել վարչական վարույթ, իրականացնել լսումներ և որոշում կայացնել»,- պարզաբանեց Սմբատ Գոգյանը։
Այդպիսով, Սմբատ Գոգյանն արձանագրեց, որ ԲՈԿ-ը Ռուբեն Հայրապետյանին ևս կզրկեր գիտական կոչումից, սակայն այդ ժամանակը չի ունեցել։ Մինչդեռ, ըստ նրա՝ ԿԳՄՍ նախարարությունը կարող էր նախաձեռնել այդ միջոցները, բայց չի արել։
«Որովհետև, իմ ենթադրությամբ այնտեղ կային մարդիկ, որոնք հասկանում էին, որ այս շղթայաձև պրոցեսը կարող է ջարդվել շատ այլ անձանց վրա»,- նկատեց նա։
Անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության կողմից Դիանա Գալոյանի վարչական բողոքները բավարարելուն, և ԲՈԿ նախագահի հրամանները անվավեր ճանաչելուն, Սմբատ Գոգյանն ասաց, որ այս որոշումները հնարավոր է վիճարկել դատական կարգով։
«Մենք նույնիսկ կհետաքրքրվենք, թե արդյոք հնարավոր է Կառավարությանը բողոքարկել այս որոշումը, որովհետև մեր կարծիքով՝ այն շատ սխալ է և խոցելի»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ԲՈԿ նախագահի՝ 09.07.2020 թ. հրամանով Դ.Գալոյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասով անվավեր ճանաչելու վերաբերյալ հարուցված վարույթը ճանաչվել է ամբողջությամբ ոչ իրավաչափ, իսկ Դ.Գալոյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասով անվավեր ճանաչելու մասին 17.07.2020 թ. հրամանը ճանաչվել է առոչինչ»։











