Եթե թոշակս բարձրացնեք՝ տրամադրությունս բարձր կլինի: Այս մասին այսօր ՝ օգոստոսի 17-ին, Երեւանի Էրեբունի վարչական շրջանում գտնվող Ազատամարտիկների այգում «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանին ասաց Էրեբունի վարչական շրջանի 80-ամյա քաղաքացին՝ բողոքելով ցածր թոշակներից:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության և քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ 80-ամյա քաղաքացին՝ դիմելով Գևորգ Գորգիսյանին ասաց. «Եկել եք մեր տրամադրության մասին լսե՞ք, եթե թոշակս բարձրացնեք՝ տրամադրությունս բարձր կլինի»:
Քաղաքացին դժգոհեց իր ստացած 48 հազար դրամ թոշակից՝ ասելով՝ հնարավոր չէ այդքան քիչ գումարով կարողանալ նորմալ ապրել. «Եթե դուք չմտածեք մեր մասին, բա ո՞վ մտածի»,- ասաց քաղաքացին, ինչին Գևորգ Գորգիսյանը պատասխանեց, որ ինքը ևս համամիտ է, որ անհրաժեշտ է կրկին բարձրացնել թոշակները: «Դրա համար մի բան է պետք, որ տնտեսությունը աճի, բյուջեում շատ գումար լինի, որպիսի բարձրացնեն թոշակները»,- ասաց Գորգիսյանը, ինչին ի պատասխան քաղաքացին նշեց. «Ձեզ համար տնտեսությունն աճում է՝ ինձ համար՝ ոչ», ապա հիշեցրեց պատգամավորների ստացած պարգևավճարների մասին: ԼՀԿ-ական պարգամավորը նշեց, որ իրենց կուսակցությունը ստածած պարգևավճարները տրամադրել է Տավուշի մարզում վերջին շրջանում տեղի ունեցած գործողությունների ժամանակ տուժած բնակավայրերի վերականգնման աշխատանքներին:
«Մենք արդեն մեկ տարի է՝ առաջարկում ենք Կառավարությանը, որ այդ պարգևավճարները չտան: Քանի որ դեռ չկա այնքան տնտեսական աճ, որը թույլ կտա նման բաներ անել, հատկապես այս տարի պանդեմիայի ժամանակահատվածում»,– ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 17-ին, «Լուսավոր Հայաստան» կուսակցության Երեւանի խորհուրդը Էրեբունի վարչական շրջանում գտնվող Ազատամարտիկների այգում հանդիպում էր քաղաքացիների հետ:











