Եթե Արցախի օդային սահմանը լիներ թափանցիկ, ապա ոչինչ չէր խանգարում ադրբեջանական օդուժին ռմբակոծելու այդ թվում Ստեփանակերտը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին,  լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն՝ անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարությանը, թե 2016թ․-ին Ստեփանակերտի օդն անպաշտպան էր։

«Եթե մի պահ ենթադրենք, որ մեր օդային տարածքն անպաշտպան է եղել, ապա պետք է ավելացնենք, որ ադրբեջանցիներն ուղղակի մեզ խղճացել են, չէ՞, չեն ցանկացել մեզ վնասել։ Դուք այդպիսի բան սպասո՞ւմ էիք նրանցից, չի կարող նման բան լինել։ Ընդհանրապես, երբ խոսվում է հակաօդային պշատպանության մասին, պետք է տարբերակել նաև հետևյալը՝ մի բան է ռազմական ինքնաթիռը, մի բան է անօդաչու թռչող հետախուզական սարքը և մեկ այլ բան են հարվածային անօդաչու թռչող սարքերը»,- ասաց Սերժ Սագսյանը՝ հավելելով, որ քառօրյա պատերազմի ընթացքում Պաշտպանության բանակի կողմից 9 թռչող անօդաչու սարք է ոչնչացվել, իսկ ավելի ուշ ևս 8-ը։

«Որևէ թռչող սարք Ստեփանակերտի երկնքում չի հայտնվել, այդ ոչնչացված անօդաչու թռչող սարքերն առաջին գծից առավելագույնը եղել են 10-11 կմ հեռավորության վրա։ Եթե անօդաչու թռչող սարքերն այդպես հանգիստ, ազատ կարողանային ճախրել Արցախի երկնքում, դա առաջին կանեին հենց Ստեփանակերտի վրա»,- ասաց  պարոն Սարգսյանը, ապա հավելեց․

«Երբ խոսվում է, որ այսօր բոլոր հարցերն ամբողջովին լուծված են, ապա խնդրում եմ հիշեք, որ հայտարարություններ եղան, որ ադրբեջանական հարվածային թռչող սարքերը հասել էին մինչև Տավուշի Բերդ քաղաք և այնտեղ կատարել են իրենց առաջադրանքը։ Իհարկե, շատ մեծ կորուստներ, փառք Աստծո,  չեղան, բայց հասել են, չէ՞։ Սա ես ոչ թե որպես թերություն կամ կշտամբանք եմ ուզում ներկայացնել, այլ որպես հավաստումն այն փաստի, որ հակաօդային պաշտպանությունը պարիսպ չէ, որը կարող է դեմ լինել որևէ թռչող սարքի»,- նշեց Սերժ Սարգսյանը։

Դիտարկմանը, թե ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը դեռևս 2016 թ․-ին հայտարարել էր, որ խորքային հետախուզության տեխնիկայի հետ կապված խնդիրներ են եղել, Սերժ Սարգսյանը շեշտեց՝ նախ  դա ռազմական գաղտնիք է, և բացի այդ՝ ամբողջ ինֆորմացիային  չի տիրապետում և չի կարող մանրամասներ հայտնել։

«Բայց ասեմ, որ ապրիլյան պատերազմից հետո հետևություններ եղել են, և նոր սպառազինություններ են ձեռք բերվել։ Անշուշտ, ինչպես ասացի՝ բոլոր մարտական գործողությունները նաև հետևություններ անելու համար են»,- նկատեց նա։