«Լիդիան Արմենիա» ընկերությունը, օգտվելով առիթից, որ  այժմ Երեւանում ենք, հարձակվել է մեր բնակիչների վրա: Այս մասին այսօր՝ օգոստոսի 20-ին, Ամուլսարի պահապանների՝ Հանրապետության հրապարակում  երթի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից  Արմեն Խաչատրյանը (ֆոտոռեպորտաժ):

Նա ասաց, որ ոստիկաններն իրենց ավոտերթին չեն խոչընդոտել. «Մեր ցույցն արտոնված էր,  քաղաքապետարանից եւ ոստիկանությունից թույլտվություն ստացել էինք, ոստիկաններն անխոչընդոտ ուղեկցել են մեզ մինչ Երեւան»։

Ակցիայի մասնակիցն ասաց, որ ջերմուկցիները արդեն 2.5 տարի է՝ անհնազանդության ակցիաներ են անում, այն չի ընդհատվել, շարունակվում է:

«2.5 տարի է՝ Կառավարության կողմից լռություն է։ Մեր ցանկությունն այն  է, որ Կառավարությունն այս հարցին հանգուցալուծում տա, շարժումը քաղաքական բնույթ չի կրում, մենք մեր վարչապետի հետ ենք, էլի եմ հայտարարում, որ եթե ինչ-որ մեկն այստեղ ցանկանում է քաղաքական հարց լուծել՝ մեզ հետ կապ չունի: Ջերմուկցիները պարզապես չեն ուզում, որ իրենց առողջարանային քաղաքը դառնա հանքարդյունաբերական քաղաք»,-ասաց ջերմուկի բնակիչը:

Հարցին՝  «Լիդիան Արմենիան» հայտարարություն էր տարածել, որ  քաղաքացիները շարունակում են ներխուժումը Լիդիանի տարածք, արդյոք ինքը ծանո՞թ է այդ հայտարարությանը, Խաչատրյանն ասաց, որ ինքը ներկա է եղել, որեւէ  ներխուժում չի եղել.

«Ես հակառակը կասեի, որ այն պահնորդական ծառայությունը, որն իրականացնում են Լիդիան Արմենիանի» աշխատակիցները՝ լկտի պահվածք են դրսեւորում եւ սադրում ժողովրդին, որ կռիվ լինի, բայց ի պատիվ մեր ժողովրդի՝ պետք է ասեմ՝ դեռեւս խաղաղ է ամեն ինչ եւ ի սկսզբանե խաղաղ ենք  եւ ոչ մի բռնության չենք գնալու»։

Հարցին՝ արդյոք իրենք շարունակո՞ւմ են մեքենաներով փակ պահել Ամուլսարի ճանապարհը, Արմեն Խաչատրյանն ասաց՝ բնականաբար։

«Ոստիկանությունը միջնորդեց, որ հանենք վագոն-տնակները, քանի որ այդ հողն ապօրինաբար  վարձակալության է տրվել Լիդիանին։ Այժմ դատական  գործ է հարուցվել գյուղապետի դեմ այդ հարցով, երբ որ հարցը կլուծվի դատարանում եւ վարձակալության պայմանագիրը չեղյալ կհամարվի, դրանից հետո հողը կդառնա համայնքային եւ մենք իրավունք կունենանք կրկին տեղադրելու մեր վագոն-տնակերը»,- ասաց նա եւ հավելեց, որ իրենք Ջերմուկից տեղեկություն ստացան, որ  պահնորդները փորձել են մեքենաները դուրս հանել եւ  բռնություն են կիրառել քաղաքացիների նկատմամբ, որոնք այդ պոստերում են կանգնած:

««Լիդիան Արմենիան», կրկին օգտվելով առիթից, որ այժմ Երեւանում ենք, հարձակվել է մեր բնակիչների վրա, սակայն դեռ տեղեկություն հստակ չունենք՝ արդյոք ինչ-որ մեկը վնասվածք ունի՞, թե՞ ոչ, կգնանք ու տեղում կիմանանք»,- ասաց ակցիայի մասնակիցը:

Հիշեցնենք, որ երեւանցի բնապահպաններն Ազատության հրապարակում բողոքի ակցիա են իրականացնում, որոնց քիչ առաջ միացան նաեւ Ջերմուկի եւ հարակից համայնքների բնակիչները՝ ավտոերթով։