Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող եղեգնուտցիները այսօր՝ օգոստոսի 21-ին, վարչապետի օգնական Նաիրիր Սարգսյանին դիմում-պահանջ ներկայացրին:

«Հանուն ժողովրդի բարեկեցության մարդասիրական և տնտեսական զարգացման» հ/կ նախագահ Այսեր Իսայանը, որն  աջակցում է Եղեգնուտ համայնքի բնակիչներին ասաց, որ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի հետ ունեցան  զրույց, որի ժամանակ  մանրամասնորեն ներկայացրել են  իրենց  պահանջը. «Ներկայացրել ենք մարզպետի կողմից կատարվող  սադրիչ աշխատանքները, գործողությունները, համայնքի քայքայմանն ուղղված և նախկին համայնքի ղեկավարի կողմից թալանի  վերաբերյալ էպիզոդներ: Համայնքի բնակչության կողմից բարձրացված 3 պահանջ ներկայացրինք, որն իր մոտ նշեց Նաիրի Սարգսյանը:

Այսեր Իսայանը  ներկայացրեց 3 պահանջները:

«Համայնքն առաջին հերթին պահանջում է  Հանրապետության վարչապետի հեղափոխության թիկունքում գործող և  սադրող մարզպետին պարզապես հեռացնել աշխատանքից, այսինքն՝ պահանջում ենք մարզպետի   հրաժարականը:

Երկրորդը՝ եթե մարզպետը չհրաժարվի իր պաշտոնից, ապա արգելել  Համբարձում Մաթևոսյանին մարզի համայնքներում քայքայիչ  գործողություններ իրականացնելը  տղայական մտածելակերպով:

Երրորդն էլ, ոստիկանությանն ու իրավապահ մարմիններին համայնքի տարածքում ոչ մի  տեսակի գործողությունների չուղղորդել»,-ասաց նա:

Դրանից հետո  ցուցարարները  դադարեցրեցին բողոքի ակցիան և հեռացան՝ նշելով, որ մինչև հինգշաբթի ակնկալում են հստակ պատասխան։

Հիշեցնենք, որ Եղեգնուտի նախկին գյուղապետը՝ Ռազմիկ Մարգարյանը, 2018թ․ իշխանափոխությունից հետո վաղաժամկետ վայր էր դրել իր լիազորությունները գյուղացիների ճնշման տակ, այնուհետեւ, այդ ժամանակվա մարզպետ Գագիկ Միրիջանյանի որոշմամբ գյուղապետի պաշտոնակատար է նշանակվել Ռազմիկ Մկրտչյանը:

Ռազմիկ Մարգարյանը դիմել է նախ վարչական, ապա վերաքննիչ դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել մարզպետի որոշումն ու իրեն վերադարձնել գյուղապետի լիազորությունները։

Վարչական դատարանը մոտ 1,5 տարի տեւած դատաքննությունից հետո անվավեր է  ճանաչեց Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանի՝ «Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին» թիվ 287 որոշումը: