Հուսով եմ ՀՀ խորհրդարանական պրակտիկայում կստեղծվի նախադեպ, որ ընդդիմությունը կնախաձեռնի նախարարին պաշտոնանկ անելու գործընթաց, և իշխող ուժը նույնպես, համաձայն լինելով, կմասնակցի այդ քվեարկությանը և իր նախարարին կհեռացնի: Այս մասին Brighttalk  հաղորդման ժամանակ ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Անդրադառնալով ընդունելության քննություններին ասաց, որ ԿԳՄՍ նախարարը «օդից» պրոբլեմներ է ստեղծում եւ իրենք սեպտեմբերին  նախարարների վերաբերյալ հացապնդում են անելու:

«Մենք երկու անգամ նախարարների վերաբերյալ հարցապնդում ենք արել եւ դրել ենք նրանց հրաժարականի հարցը: Մի դեպքում ֆինանսների, մի դեպքում էլ բնապահպանության նախարարի: Ես հույս ունեմ, քանի որ «Իմ քայլ»-ում էլ դժգոհություններ կան ԿԳՄՍ նախարարից, այս առիթը կարող է օգտագործվել եւ պաշտոնանկ անել նախարարին, եւ հույս ունեմ, որ խորհրդարանական պրակտիկայում այս նախադեպը կարող է ձեւավորվել, որ ընդդիմադիր ուժը կարող է նախաձեռնել նախարարի պաշտոնանկության հարց եւ իշխող ուժն էլ մասնակցի` այդպիսով հայտնելով իր դժգոհությունը»,-ասաց նա: