Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, այսօր՝ օգոստոսի 26-ին, ընթացող նախորդ տարվա հուլիսին «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի՝ «Մասիվցի Անդիկի» սպանությանն օժանդակելու համար մեղադրվող Արմեն Ղարիբյանի գործով դատական նիստին պաշտպանանական կողմը հայտարարեց, որ իրեն պաշտպանյալի իրավունքներն ի սկզբանե սահմանափակվել է, եւ, որ իրենք մասնակցել են միայն կալանքի երկարացման նիստերին։
Պաշտպան Վահե Մնացականյանը հայտնեց, որ իր պաշտպանյալին բերման են ենթարկել՝ հղի կնոջ հետ։
Մյուս պաշտպան Արսեն Սարդարյանն էլ նշեց, որ իր պաշտպանյալի վերաբերյալ մեղադրական եզրակացությունն իրենց իմացած իրավաբանության համար նորություն է. «Անձին մեղադրում են հանցագործության մեջ՝ հիմք ընդունելով խիստ կասկածելի այն կապը որ նա ունեցել է հանցագործություն կատարողի հետ։ Ենթադրենք՝ այդ բնակարանում հայտնաբերվել է այդ հեռախոսը. արդյոք զուտ հեռախոսակապը եւ կապի մեջ մտնելու հանգամանքը հանցագործություն կատարած անձի հետ կարող է հանդիսանալ ապացույց՝ անձին հանցագործության մեջ մեղադրելու համար։ Ես այստեղ դատարկ մեղադրանք եմ տեսնում Ղարիբյանի մասով»։
Անդրադառնալով գործով ապացույցների հետազոտման հերթականությանը՝ Սարդարյանն ասաց. «Գտնում ենք, որ փաստաթղթային բնույթի թույլատրելի ապացույցները պետք է հետազոտվեն սկզբից, որովհետեւ միայն փատաթղթային բնույթի ապացույցներն են այս կամ այն չափով վերաբերում այդ հեռախոսակապին։ Քանի որ անձն, ըստ էության, դատարկ մեղադրանքով 1 տարուց ավելի գտնվում է կալանքի տակ, քաղցկեղով եւ հեպատիտ C-ով հիվանդ անձը իր 3 երեխաներին խնամելու հնարավորությունից զրկված է։ Այս անձը սպանության հետ կապ չունի»։
Նշենք, որ այսօրվա դատական նիստին, դատարանը վերացրեց Արմեն Ղարիբյանի հարազատների հետ տեսակցության արգելքը։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արմեն Ղարիբյանը տեղեկատվություն տրամադրելով եւ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելու վերաբերյալ նախապես խոստում տալով, օժանդակել է Սուլեյման Այուբովի Միիեւին, վերջինիս կողմից պատվերով մեկ ուրիշի ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ 2019թ. հուլիսի 3-ին` ժամը 23:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Միկոյան փողոցի թիվ 17 շենքի բակում գործով չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերված հրազենի` ատրճանակի գործադրմամբ Անդրանիկի Հրաչի Հարությունյանին սպանելուն:
Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 2-ին՝ ժամը 23:10-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բկ-ից Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է բերվել 1973 թվականին ծնված Անդրանիկ Հարությունյանի դին:
Նշենք՝ Դատախազությունը տարածել էր հաղորդագրություն, որ նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Անդրանիկ Հարությունյանի սպանությունը կատարել է ՌԴ Գռոզնի շրջանի Ալխան-Կալա գյուղում հաշվառված 1987 թվականին ծնված Սուլեյման Այուբովի Միիեւին, ով 2019 թվականի հունիս ամսին ժամանել էր Հայաստան, իսկ նույն թվականի հուլիսի 3-ին` մեկնել Հայաստանից:
2019 թվականի օգոստոսի 21-ին որոշում էր կայացվել նրան ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ հայտարարվել հետախուզում:











