Պետությունը կարեւոր դեր է խաղում ժողովրդագրության խնդիրների լուծման հարցում: Այս մասին տնտեսական լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Պետք է տեսնել, թե արդյոք աշխարհում նման փորձ կա: Օրինակ՝ Իսրայելի բնակչությունը ստեղծման պահին եւ հիմա: Չնայած պատերազմին եւ թշնամական միջավայրին: Ուրեմն, հնարավոր է: Հարցն այն է, որ պետք է նպատակ դնել եւ դրան հասնելու համար ծրագիր մշակել»,-նշեց նա:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է արդյունավետ կառավարում, ճիշտ որոշումներ, ներքին կազմակերպվածություն: «Ես միշտ կարծել եմ, որ Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանում ամենակազմակերպված երկիրը: Ազգային ծրագիր է պետք, որով կարելի է հասնել նպատակին»,-հայտարարեց նախկին նախագահը:

«Եթե աշխարհում կա նման փորձ, ապա ինչո՞վ ենք մենք վատը: Եթե կաշկանդված ենք եւ չենք հավատում մեր ուժերին, ապա ոչինչ անել չենք կարող: Մի մասը թող գնա Գլենդեյլ, մի մասը՝ մի այլ տեղ, որտեղից կարող են հայրենասիրական հայտարարություններ անել եւ հանրահավաքներ անցկացնել: Սակայն պետք է նպատակադրված աշխատել: Կարեւոր է նաեւ ներքին միասնությունը: Եվ ներկայիս իրավիճակում ես չեմ հավատում, որ դրան կարող ենք հասնել»,-հավելեց նա: