Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագիծ, որով կարգավորվում են աշխարհազորի ձևավորման, խաղաղ և պատերազմի ժամանակ աշխարհազորի պատրաստության, ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները: Նախագծի հեղինակները հույս ունեն, որ միասնական ղեկավարության ներքո գործող ուժերի և միջոցների համախմբի ստեղծմամբ Հանրապետության պաշտպանությունը համակարգված, կազմակերպված ու նպատակաուղղված բնույթ կկրի։ Նախգծի կարևորության, առաջարկվող կարգավորումների, դրանց կիրառելիության և այլ հարցերի շուրջ NEWS.am–ը զրուցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ։

Պարոն Աբրահամյան,  ի՞նչ կարծիքի եք աշխարհազորին առնչվող նոր նախագծի վերաբերյալ. ի՞նչն է պատճառը, որ տարիներ շարունակ այս հարցը կարգավորված չի եղել։

Հայաստանի համար այսօր գերխնդիր է Զինված ուժերի մարտունակության հետեւողական բարձրացումը։ Շատ դեպքերում մարդիկ հարցնում են՝ մի՞թե կանոնավոր բանակը չի կարող իր առջև դրված խնդիրը կատարել, որ լրացուցիչ աջակցման՝ աշխարհազորի, կարիք է առաջացել։ Ինչպես գիտեք մեր Զինված ուժերը ներառում է նաև պահեստազորը, հատկապես պատերազմական դրության պայմաններում պահեստազորը մասնակի կամ ամբողջական ձևով ներգրավվում է մարտական գործողություններում, իսկ խաղաղ պայմաններում զինկոմիսարիատները տարբեր հավաքների, զորավարժությունների միջոցով պարբերաբար աշխատում են պահեստազորի հետ։ Սակայն պետք էր հստակեցնել՝ ի՞նչ մոդելով ենք շարժվելու, որպեսզի ունենանք մարտունակ պահեստազոր։ Առաջարկվող նախագծով ընդլայնվել է աշխարհազորայինների ֆունկցիոնալ նշանակությունը երկրի պաշտպանության հարցում։

Ո՞րն է լինելու աշխարհազորի դերը խաղաղ պայմաններում։

Գործող օրենսդրությամբ սահմանված է, որ պատերազմի դեպքում կարող է ներգրավվել պահեստազորը, իսկ առաջարկվող մոդելը հնարավորություն կտա կտրուկ բարձրացնելու մեր պահեստազորի մարտունակությունը խաղաղ պայմաններում՝ հնարավորություն տալով աշխարահազորայիններին ներգրավվել ոչ միայն ռազմական գործողությունների դեպքում, այլևս սցենարային այլ զարգացումների պարագայում։ Նրանք կարող են ներգրավվել օրինակ՝ ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանության կամ բնակավայրերի պաշտպանությունն ապահովելու հարցում։ Նախագծով սահմանված է, որ աշխարհազորը մասնակցություն է ունենալու Հայաստանի Հանրապետության սահմանների կամ հակառակորդի հետ շփման գծի վտանգված հատվածների զինված պաշտպանությանը՝ այդ թվում հակառակորդի դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական և այլ գործողություններից ՀՀ տարածքի, բնակչության և ենթակառուցվածքների պաշտպանության պլանավորված միջոցառումների իրականացմանն աջակցությունը։

Նախագծի համաձայն՝ աշխարհազորայինների հավաքագրման դեպքում նրանց հետ պայմանագիր է կնքվելու. ի՞նչ է սա ենթադրում։

Իրավական առումով երկու հանգամանք պետք է հաշվի առնել. առաջինը՝ պետք է հասկանալ, թե որո՞նք են լինելու աշխարհազորայինների իրավունքներն ու պարտականությունները, նրանք օգտվելո՞ւ են զինծառայողների և նրանց ընտանիքների համար նախատեսված արտոնություններից, օրինակ՝ պետությունից տրամադրվող բժշկական ծառայությունից և այլն։ Երկրորդը՝ ակտիվ պահեստազորի ներգրավման հարցն է, ինչը ժամանակին քննարկվել է, նույնիսկ դրամական վճարումներ էր սահմանվում շարքային և սպայական կազմի համար, այսինքն սահմանվում էր, օրինակ, որ այդ մարդիկ ամեն ամիս ներկայանալու էին մարտական պատրաստության պլանով նախատեսված պարապմունքների, ինչի համար վճարվելու էին սիմվոլիկ գումարով։ Եթե սահմանում ենք աշխարհազորայինների իրավունքներն ու պարտականությունները, պետք է նաև հաշվի առնենք այն, որ գործ ենք ունենալու այնպիսի մարդկանց հետ, որոնք ունեն կամ կարող են ունենալ մշտական աշխատանք և պետք է հստակ սահմանվի, թե ո՞ր պարագայում գործատուն պետք է թույլ տա աշխատողին բացակայել աշխատանքից և այլն։ Սրանք լուծելի հարցեր են և կարծում եմ կկանոնակարգվեն։

Մտավախություն չունե՞ք, որ աշխարհազորայինների պատրաստությունն իրականացնելու նպատակով կազմակերպվելիք պարապմունքներն և վարժանքները ձևական բնույթ կկրեն:

Եթե մենք գնում ենք աշխարհազորի հավաքագրման մոդելով, նշանակում է, սա արվում է նրա համար, որ մենք չունենք ձևական հավաքներ։ Եթե այս տարիների ընթացքում մենք ունեցել ենք հավաքներ, որոնք պատշաճ ձևով չեն իրականանցվել, ապա այս պարագայում ենթադրվում է, որ առաջին խնդիրը դրվելու է կարգապահության, մարտական պատրաստության բարձր մակարդակի ապահովման վրա։ Նախագծում սահմանված է, որ աշխարհազորի կազմակերպումը պետք է  լինի կամավորության սկզբունքով, հետևաբար դիմելիության համար պետք է սելեկցիա իրականացվի, այսինքն ոչ միայն պետք է հաշվի առնվի մարդկային որակները, անձի ֆիզիկական պարաստվածության աստիճանը, այլև պետք է աշխարհազորում ներգրավել մարդկանց, որոնք գաղափարապես պատրաստ են դրան. մարդիկ, որոնք գնալու են իրենց որակները բարելավելու մեր պետության անվտանգությանը սպառնացող տարբեր իրավիճակներում իրենց ծառայությունը մատուցելու համար, և ըստ էության, այստեղ ձևական բնույթը դուրս է մղվում։

Մանրամասները՝ NEWS.am–ի տեսանյութում։