Մինսկի Կոմարովսկի շուկայից, որը վերջերս դարձել է Բելառուսի ընդդիմության հանրահավաքների կենտրոններից մեկը, սպիտակ-կարմիր-սպիտակ դրոշներով կանանց շարքը շարժվում է Անկախության պողոտայով դեպի համանուն հրապարակ, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը:

Ակցիային մասնակցում է շուրջ 2-3 հազար մարդ: Ճանապարհին ավտոմեքենաների վարորդները շարունակական ազդանշաններ են տալիս՝ ի նշան իրենց աջակցության:

Բացի սպիտակ-կարմիր-սպիտակ դրոշներից, կանայք տանում են ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Լիտվայի, Ուկրաինայի եւ մի քանի այլ պետությունների դրոշներ: Եվրամիության երկու կապույտ դրոշներ նույնպես եղել են, սակայն երթի մասնակիցները խնդրել են հանել դրանք: Ընդդիմության առաջնորդները ցուցարարներին հորդորել են տանել տարբեր պետությունների դրոշները` բռնության խնդիրը ամբողջ աշխարհին ցուցադրելու համար: Ինքնաշեն պաստառներին երեւում են կարգախոսներ, որոնք ուղղված են բողոքի ցույցերի առաջին օրերին իրավապահների բռնի գործողությունների եւ ակտիվիստների ձերբակալությունների դեմ: Պաստառներին գրված է բելառուսերեն, ռուսերեն եւ անգլերեն: Ոստիկանությունը չի խոչընդոտում երթին, որը շարժվում է մայթով, երթեւեկելի մասի երկայնքով:

Ճանապարհային ոստիկանության մեքենան Անկախության պողոտայում արգելափակել է երթեւեկության մի մասը: Երթի սկիզբն արդեն անցել է Հաղթանակի հրապարակը, որտեղ նրանց են միացել այնտեղ հավաքված մարդիկ: