Անկեղծ ասած՝ մեծ հանրահավաքի վերաբերյալ հայտարարություններն արդեն նմանվում են «Գոդոյին սպասելիս» ստեղծագործությանը։ NEWS.am-ի հետ զրույցում այսպես է արձագանքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ առաջիկայում մեծ հանրահավաք կազմակերպելու վերաբերյալ հայտարարությանը։
«Անընդհատ սպասում ենք, որ մեծ հանրահավաք պիտի լինի, և կարծես, թե մեծ հանրահավաքը նույն թախանձագին սպասումով տրամադրված չէ ԲՀԿ-ի նկատմամբ, բայց ամեն դեպքում թող կազմակերպեն, հետաքրքիր է, թե ինչ ուժգնությամբ հանրահավաք է լինելու, ինչպիսի քաղաքական տեքստեր են հնչելու, ինչպե՞ս է ժողովուրդը և որքանո՞վ է ժողովուրդը օրինակ՝ աջակցելու կամ չաջակցելու այդ ուժերին։ Ճանապարհը բաց է, թող իրականացնեն իրենց հանրահավաքը»,- ասաց Կոնջորյանը՝ հավելելով, որ իրենք չեն սպասում որևէ մեկի հանրահավաքին, որպեսզի հասկանան, թե այս կամ այն քաղաքական ուժին ժողովուրդը որքանով է վստահում, կամ՝ ոչ։
«Մենք գիտենք, մենք զգում ենք ժողովրդի տրամադրությունները, բայց մեզ համար ամենակարևորը ժողովրդին հուզող իրական խնդիրներն են, առաջին հերթին՝ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը և քաղաքական մեծամասնությունը իր համար սահմանել է այս ուղղությամբ առաջնահերթություններ, իսկ թե այլ քաղաքական ուժերն ինչ օրակարգ ունեն, ապա օրենքով սահմանված կարգով կարող են իրացնել իրենց իրավունքները»,- ասաց նա։
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը օգոստոսի 28-ին, Կոտայքի մարզի ակտիվի հետ հանդիպմանը՝ խոսելով Կառավարության ձախողումներից, առանձնացնում էր կորոնավիրուսի դեմ պայքարի տապալումը և կրթական փոփոխությունները, որն ըստ նրա՝ հասարակության մեծամասնության կողմից ընդունելի չէ։
«Գիտեք, բոլոր երկրներում մասնավորապես՝ կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերներ ու դժվարություններ կան, Հայաստանն էլ բացառություն չէ։ Ակնհայտ է բոլորի համար, գուցե Մարսից Հայաստան հենց նոր ժամանած որևէ մեկի համար էլ դա կարող է ակնհայտ թվալ, բայց թե քաղաքական ուժերն ինչպես են ցանկանում օգտագործել և շահարկել կորոնավիրուսի հանգամանքը քաղաքական դիվիդենտներ շահելու համար, կարծում եմ, որ դա այլ հարց է։ Կորոնավիրուսը քաղաքական դիվիդենտներ շահելու համար օգտագործողները պիտի զգուշավոր լինեն՝ հանկարծ քաղաքական կորոնավիրուսի բացիլները իրենց չախտահարեն»,- ասաց Հայկ Կոնջորյանը։
Իշխող ուժի պատգամավորը նկատում է՝ ժողովրդի դժգոհությունները հասկանալու առաջին շահառուն հենց իշխանությունն է և իրենք ձեռքները միշտ զարկերակի վրա են պահում։
«Որևէ մեկը մեզնից ավելի շահագրգիռ չէ և չի կարող լինել, որպեսզի անմիջականորեն հասկանա, թե մարդիկ ինչ են մտածում, ի՞նչ դժգոհություններ և խնդիրներ ունեն։ Այս մասով թող բոլորը հանգիստ լինեն և չմտահոգվեն, մենք առաջին ձեռքից ամենօրյա ռեժիմով ինֆորմացիան ստանում ենք»,- ասում է Հայկ Կոնջորյանը։
ԲՀԿ-ական պատգամավորները բարձրաձայնում են իրենց գաղտնալսելու, ինչ-որ քրեական գործերում ներգրավելու մասին, Հայկ Կոնջորյանն արձագանքելով այդ հայտարարություններին, ասում է․
«Ի սեր Աստծո, մենք մեր ռեսուրսները, մեր ժամանակն ու մեր ժողովրդի կողմից տրված մանդատը ոչ մի դեպքում չենք օգտագործի որևէ մեկին գաղտնալսելու համար, որովհետև նույնիսկ առանց գաղտնալսելու մի շարք մարդկանց պարզապես հարկավոր է լսել և ոչ թե գաղտնալսել՝ հասկանալու նրանց վարքի արատավոր դրսևորումները։ Այն հարցերը, որոնք գտնվում են Քրեական օրենսգրքի ծիրում, այդ մասով թող իրավապահ մարմինները զբաղվեն։ Արդեն տաֆտալոգիայի է նմանվում, երբ այս կամ այն գործչի նկատմամբ կա ողջամիտ կասկած որևէ հանցագործությանը մասնակից լինելու մեջ, միանգամից դիրքավորվում են որպես քաղհալածյալ և սկսում են այդ տեսանկյունից ներկայացնել ամբողջ գործընթացը։ Արդեն հետաքրքիր չէ այս ֆիլմը»։
ԲՀԿ Ապարանի տարածքային կազմակերպության անդամների եւ պատասխանատուների հետ հանդիպմանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ «իշխանությունը պետք է ոչ թե Ծառուկյանից, այլ ժողովրդից վախենա։ Մեր հարցին, թե իշխանությունը վախենո՞ւմ է Գագիկ Ծառուկյանից, Հայկ Կոնջորյանն արձագանքում է․
«Ես չգիտեմ՝ որտեղից նման ենթադրություն կամ տվյալ, որ իշխանությունը վախենում է Գագիկ Ծառուկյանից։ Եթե լինի փաստարկված հիմնավորում, որ իշխանությունը վախենում է, դրանից հետո կարելի կլինի պատասխանել այդ հարցին։ Իշխանությունը, օրինակ, վախենում է կորոնավիրուսից, և ոչ միայն իշխանությունը, այլ բոլորն են վախենում, որովհետև այդ վիրուսը չարիք է, խլում է մարդկային կյանքեր, և այդ չարիքը հարվածում է պետություններին, մարդկանց, նրանց առողջությանը ապագային, շատ ու շատ մարդկանց, ուժերի քաղաքական ողջխոհությանն է հարվածում։ Կարելի է ասել, որ մենք վախենում ենք կորոնավիրուսից, որովհետև այն վատն է, բայց վախենալ այլ անձանցից, անկախ նրանից, թե յուրաքանչյուր անձ ինչ կարծիքի է իր մասին, իր քաղաքական տրամաչափի մասին, կարծում եմ՝ սա անհեթեթություն է, մենք որևէ մեկից չենք վախենում, մենք որևէ մեկի հետ հարաբերությունները չենք կառուցում վախի սկզբունքի վրա, որովհետև այդ ժամանակներն անցել են, իսկ եթե կան այս կամ այն քրեական գործընթացները, ապա դա ոչ թե պայմանավորված է որևէ մեկի նկատմամբ վախով, այլ պայմանավորված է Քրեական օրենսգրքի հետ կապված այս կամ այն անձի հնարավոր առնչություններով»,- ասում է Հայկ Կոնջորյանը ու հավելում, որ իշխանությունը ժողովրդի առաջ պատասխանատու է։
«Մենք ընտրվել ենք ժողովրդի կողմից և բնականաբար, մեզ համար ամենագլխավորը ժողովրդի կարծիքն է, եթե կուզեն ասել՝ այո, մենք ժողովրդից վախենում ենք այն տրամաբանությամբ, որ հանկարծ չկորցնենք նրանց վստահությունը, իսկապես, բայց վախի այն տրամաբանությունը և այն չափանիշները, որոնք հասկանում է Գագիկ Ծառուկյանը և ես, դրանք բացարձակ տարբեր են։ Նախկինում ընդունված է եղել՝ վախենալ ասելիս հասկանալ՝ վախենալ ինչ-որ «հզոր» մարդուց, հարստությունից, իշխանությունից, մենք նման վախեր չունենք»,- եզրափակեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը։











