Կատարված անարդարության դեմ այսօր բողոքի ձայն է բարձրացրել կոլեկտիվը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի տնօրեն Գեւորգ Թամամյանը։ Մինչեւ այս, նա էր  պաշտոնից ազատման դիմում գրել, քանի որ ՀՀ առողջապահության նախարարությունը, առանց հիմնավոր պատճառաբանության, որոշել է ս․թ․ հոկտեմբերի 1-ից լուծել պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի պայմանագիրը:

«Երբ ես որևէ քայլ եմ անում և ընդհանրապես բանական մարդը, երբ որևէ քայլ է անում՝ փորձում է այդ քայլի հետևանքները հաշվարկել, մանավանդ, երբ այդ մարդը պատասխանատու մարդ է։ Եթե առողջապահության նախարարությունը կայացրել է նման որոշում, ուրեմն հետևանքները հաշվարկել է, ունի լուծում, երևի դրսից մասնագետներ է հրավիրել, որովհետև Հայաստանում ինձ այլ մասնագետներ հայտնի չեն»,- ասաց նա։

Ի՞նչ ճակատագիր է սպասվում կենտրոնին, եթե Հայաստանում մասնագետ չկա, իսկ եղածներն էլ աշխատանքից ազատվում են սեփական դիմումի համաձայն․ հարցին Գևորգ Թամամյանը պատասխան չունի, կրկնում է․

«Այդ հարցի հասցեատերը ես չեմ, քանի որ բժիշկ Դանիելյանի ազատման որոշումը կայացրել է առողջապահության նախարարությունը, հավանաբար հաշվել են հետագա քայլերը։ Ինձ ճանաչողները լավ գիտեն, իմ ամբողջ գործունեությունը ուղղված է եղել հիվանդների բուժմանը։ Այս մասնագիտությունը չեն ընտրում փող աշխատելու համար, այն ամենը, ինչն արվել է այս ոլորտում, այս տարիներին, մեծ ջանքերի արդյունք է։ Նախօրոք՝ երկու շաբաթ առաջ զգուշացրել ենք, որպեսզի որևէ հիվանդ չտուժի, թող փորձեն հարցին լուծում գտնել»,- նշեց պարոն Թամամյանը։

Գևորգ Թամամյանը համոզված է, որ Սամվել Դանիելյանի աշխատանքային պայմանագիրը չերկարացնելու պատճառը նրա աշխատանքից գոհ չլինելու մեջ չէ, որովհետև կենտրոնի առաջընթացն ակնառու է։

«Սա ուղղակի նախարարի կայացրած նեղ անձնական, թայֆայական որոշում է»,- շեշտեց նա։

Ո՞վ կլինի Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենը, Գևորգ Թամամյանին չի հետաքրքրում, ասում է՝ տեսել ենք նախարարի նշանակումները։

«Կյանքիս ամենակարևոր օրերից մեկը եղել է երեկ, երբ այստեղ նստած էի, և դռան մոտ եկել էին թե՛ ներկայում բուժում ստացողներ, թե՛ բուժված երեխաները, նրանց ծնողները, նրանք մեզ կարող էին մոռանալ, բայց եկել էին կառավարությունից, ես դրա մասին տեղյակ չէի, գնացել էին իրենց բողոքն արտահայտելու, բժշկի համար իր աշխատանքի այլ գնահատական գոյություն չունի, մնացածը, թե ոմն նախարար ինչ որոշում կկայացնի, ես չեմ գնահատական տվողը, որպես քաղաքացի և մասնագետ վաղուց եմ իր գնահատականը տվել։ Կյանքը ցույց է տալիս, որ ես այդ առումով ճիշտ էի, այսօր էլ ժողովրդի մեծամասնությունը դրանում համոզվել է»,- ընդգծեց Գևորգ Թամամյանը։

Կենտրոնի Իմունաֆենոտիպավորման և մոլեկուլային կենսաբանական լաբորատորիայի ղեկավար Նարինե Ղազարյանն այն աշխատակիցներից մեկն է, որը նույնպես ազատման դիմում է գրել, պատճառը պրոֆեսոր Դանիելյնաի նկատմամբ վերավերմունքն է։

«Գտնում եմ, որ երկրի զարգացման համար պրոֆեսոր Դանիելյանի պես մարդիկ են պետք, իսկ նման կերպ վարվել նմանատիպ մարդկանց հետ՝ սխալ է։ Ես 2018թ․-ի ապրիլին եմ վերադարձել Գերմանիայից, այնտեղ աշխատում էի, երբ վերադարձա Հայաստան՝ հրավեր ունեի Տոկիոյի համալսարանից, սեպտեմբերին պետք է մեկնեի այնտեղ, օգոստոսին պարոն Դանիելյանը զանգահարեց և առաջարկեց աշխատանք, լաբորատորիան ոտքի կանգնեցնելու համար, այն շատ վատ վիճակում էր գտնվում, ես սկզբում մերժեցի, որովհետև ինձ ավելի հոգեհարազատ էր Ճապոնիայում աշխատելը, քան Հայաստանում, բայց որոշեցի համաձայնել, որովհետև մերժել պրոֆեսոր Դանիելյանին անհնար է։ Ինձ համար մեծ պատիվ էր նրա հետ աշխատելը։ Քանի որ նա այլևս այստեղ չի աշխատելու՝ որոշում եմ կայացրել, ես էլ կգնամ իր հետ, իր հետ եկել եմ, իր հետ էլ կգնամ։ Գերմանիայից հրավեր ունեմ, և պատրաստվում եմ հոկտեմբերի 15-ին մեկնել»,- ասաց նա։

Նարինե Ղազարյանը շեշտեց, որ իր քայլը սաբոտաժ չէ։

«Ես իմ քայլով ուզում եմ ասել, որ մարդկանց պետք է գնահատել»,- շեշտեց նա։

Նշենք, որ մինչ նյութը պատրաստվում էր, Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում արեց, որ առողջապահության նախարարին հանձնարարել է երկարացնել Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը։

Ի՞նչպես այս որոշմանը կարձագանքեն Արյունաբանական կենտրոնի տնօրենն ու աշխատակազմը, պարզ կդառնա առաջիկայում։