Միջազգային կառույցներին ուղղված մեր նամակները տեղ են հասնում, հուլիսյան դեպքերի ժամանակ էլ են տեղ հասել ատոմակայանին հարվածելու հետ կապված, ապրիլյան պատերազմի ժամանակ էլ են տեղ հասել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ես երեկ էլ ասացի, որ սա ուրիշ աշխարհ է, այս աշխարհը մարդու իրավունքների աշխարհը չի, քաղաքակրթությունների բախման աշխարհը չի: Սա ուժեղների աշխարհ է եւ աշխարհը հետեւում է, թե որ ազգը ինքն իր ինքնասիրությունը կարողանում պաշտպանել, իր հողի վրա իր ապրելու իրավունքը, իր կյանքի իրավունքը կարողանում է պաշտպանել, նրան էլ հարգում են: Ով չի կարողանում, ասում են՝ դե ինչ անենք, էդպես ստացվեց, հետո լավ կլինի:

Հիմա մենք պետք է մեր իրավունքները պաշտպանենք, ինչը հիմա անում ենք: Միաժամանակ չեմ ուզում թերագնահատել այդ նամակների դերը: Դա միջազգային սոուս է ստեղծում մեզ համար. նախ հաստատված փաստ է, որ Ադրբեջանն է հարձակվել: Նախկինում ասում էին՝ կողմերն իրար վրա են գցում: Սա միջազգային դիվանագիտական աշխատանքի արդյունք է: Ես խոսում եմ միջազգային փորձագիտական մակարդակի մասին, որ արձանագրված է, որ Ադրբեջանն է եղել նախահարձակ, նա է ագրեսիայի եւ սադրանքի դիմել, ինչի մասին իրենք հրապարակային ասել են: Այսինքն ասել են, հետո արել են»,-հայտարարեց Մարուքյանը:

Դիտարկմանը, որ ապրիլյան պատերազմից հետո ադրբեջանցիների կողմից կտրած գլուխների, կտրած ականջների, մարդու իրավունքների կոպիտ խախտումների հետ կապված պետք է իրավական գործընթաց սկսեինք, սակայն այդպես էլ այդ աշխատանքը չկատարվեց, Մարուքյանն ասաց. «Ես վատ հիշողություններ ունեմ դրա հետ կապված, հիմա չեմ ուզում հիշել թե, ինչ հանդիպում ունեցանք ԱԳՆ-ում, ինչ էինք մենք ասում, ինչ էին մեզ ասում: Մեզ միշտ ասում էին՝ այո, ամեն ինչ կարվի, բայց այդ փաստաթղթավորված դոսյեն, որ կարող էր մեր ձեռքին զենք դառնալ, այդպես էլ առաջ չգնաց: Դա է պատճառը, որ նաեւ Ադրբեջանի հանցագործ էլիտան շարունակում է իրեն անպատիժ զգալ: մենք ոչ մի իրավական գործընթաց չսկսեցինք: ՄԻԵԴ-ում գործեր մուտքագրվեցին, որոնք անհատական մակարդակում էին, այսինքն զոհերի հարազատների կողմի դիմումներ եղան, բայց պետական մակարդակում դա չօգտագործեցինք: Այսօր դա պետք է օգտագործենք: Հիմա ապրիլյանի դոսյեները պետք է վեր հանել»: