Թուրքիան անցել է բոլոր կարմիր գծերը եւ իրեն պահում է տեռորիստ պետության պես։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։

«Պատերազմի երկրորդ-երրորդ օրվանից սկսած՝ միջազգային հանրության շրջանում որոշակի՝ մեզ համար ձեռնտու փոփոխություն տեղի ունեցավ»,- հայտարարեց պատգամավորը։

Նրա խոսքով՝ աշխարհը վերջապես ընդունեց, որ Թուրքիան ֆիզիկապես ներգրավված է պատերազմի մեջ, ընդհուպ՝ տեռորիստներ են օգտագործվում հայության դեմ. «Դիվանագիտական առումով դա դրական է մեզ համար եւ մեծ հնարավորությունների տեղ է բացում։ Անկախ դիվանագիտական հաջողություններից, ամենակարեւորը ռազմաճակատում եւ թիկունքում պինդ կանգնելն է: Մեր դիվանագիտությունը կարող է հաջողել մի դեպքում, եթե մենք՝ որպես ժողովուրդ, եւ մեր զինված ուժերը պինդ կանգնենք»։

Նա նշեց, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի հակաօրինական, հակահումանիստական եւ ագրեսիվ գործողություններին միջազգային գործընկերներից սպասում են կոշտ քննադատություն։

Հարցին՝ դաշնակից պետություններն ի՞նչ գործուն քայլեր պետք է իրականացնեն, Ռուբինյանն ասաց. «Ես վստահ եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, եւ, բնականաբար, Ռուսաստանը, կկատարի իր կարեւոր դերն այս տարածաշրջանում խաղաղությունն ապահովելու համար»։

ՌԴ ԱԳ նախարարի այն հայտարարությունը, որ ինքը պատրաստ է կազմակերպել Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը եւ հարցին՝ արդյոք նման հանդիպում նախատեսվո՞ւմ է եւ Երեւանն այդ հարցի առնչությամբ ինչպիսի՞ դիրքորոշում ունի, պատգամավորն ասաց. «Այդպիսի տեղեկություն ես չունեմ»։