Այս պահին, Կոտայքի մարզում մեր մյուս տարածաշրջաններից տարբերվող որեւէ արտառոց բան չկա. Եթե խոսքը Կոտայքի մարզի տարածքում ԱԹՍ-ների միջադեպի մասին է, ապա դրանից ընդամենը ժամեր անց ամեն ինչ խաղաղվել է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Շրջակա միջավայրի նախարար, կոտալքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
«Մենք անմիջապես հանդարտության, հանգտության կոեր արեցինք մեր քաղաքացիներին, եւ դրանով ավարտվեց այդ պատմությունը: Իսկ առհասարակ, ռազմական դրության կանոններով ենք ապրում բոլորս»,-ասաց նա:
Նրա խոսքով, քաղաքացիական պաշտպանության պլանների համաձայն բոլոր մարզերը, համայնքները, իրենց գործառույթներն են իրականացնում, շչակներ են տեղադրում, որտեղ չի եղել, կամ վերանորոգում են, իսկ ԱԻՆ-ի գործառույթների մեջ է կապի բոլոր միջոցներով իրազեկելը նման պարագայում:
Հարցին, թե Հայաստանում կա՞ն բավարար չափով ապաստարաններ, որ անհրաժեշտության դեպքում մարդիկ կարողանան պատսպարվել, Ռոմանոս Պետրոսյանը պատասխանեց. «Այո, բոլոր մարզերում էլ ունենք ապաստարաններ: Վերջին օրերին ապաստարանները բավականին լավ վիճակի են բերվել, մաքրվել են, մեր բնակչության անվտանգությունն ամենաբարձր մակարդակով հարկ եղած դեպքում ապահովելու համար»:
Դիտարկմանը, որ հակառակորդը ենթակառուցվածքներ էր թիրախավորել եւ հայկական կողմը խոսում էր այն մասին, դրանք կարող են բնապահպանական աղետի բերել, Ռոմանոս Պետրոսյանն ասաց. «Այո, մեր հանրապետությունում կան մի շարք օբյեկտներ, որոնց թիրախավորման պարագայում կարող են շրջակա միջավայրի վրա շատ վատ ազդեցություն ունենալ: Մենք այդ մտահոգությունները նաեւ միջազգային կազմակերպություններին ենք ուղղել, նաեւ շուրջ 20 երկրների դեսպանների ենք գրություններով դիմել՝ ուշադրություն հրավիրելով այդ խնդրին»:











