Այս պահին Արցախից ժամանակավորապես տեղափոխված մեր քաղաքացիների տեղավորման խնդիրները լուծվում են տարբեր կամավորական խմբերի եւ նախարարության համակարգման միջոցով։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

«Ունենք ստեղծված սոցիալական աջակցության շտաբ, մի քանի կամավորական խմբերի հետ եւս կապի մեջ ենք։ Հիմնականում քաղաքացիներին տեղավորել ենք մասնավոր սեկտորի կողմից տրամադրված կացարաններում, հյուրանոցներում, հյուրատներում։ Սննդի հարցը եւս լուծվում է  քաղաքացիների աջակցությամբ՝ մարզպետարանների հետ համագործակցությամբ։ Պետական կառույցների կողմից տրամադրվող կացարանները դեռեւս ամբողջությամբ գործի չենք դրել, դրանց մեծ մասն ազատ է։ Մենք այս պահին անընդհատ զարգացնում ենք քաղաքացիներին հաշվառելու համակարգերը։ Որպես այդպիսին լուրջ խնդիրներ չունենք, բայց ուժերի մեծ լարվածությամբ ենք աշխատում»,-ասաց Բաթոյանը կոչ անելով աջակցությունը համակարգված ձեւով տրամադրել։

Նա նկատեց, որ շատ քաղաքացիներ ինքնաբուխ են Արցախից եկած ընտանիքներին աջակցելու նախաձեռնություններով հանդես գալիս առանց որեւէ պետական կառույցի դիմելու։ «Ապակենտրոն աջակցություն է կազմակերպվում, ինչը խրախուսելի է, բայց բոլորն այսօր գիտեն եւ նախարարության թեժ գիծը՝ 114, եւ կառավարության թեժ գիծը՝ 117։ Մենք աշխատում ենք շուրջօրյա»,-ասաց նա։

Բաթոյանը նշեց, որ ամենակարեւորը մարդկանց սննդի, հագուստի, կացարանի խնդիրներն են.«եթե անգամ որեւէ դեպքում մարդիկ չեն կարողանա մեզ հետ կապվել, ես համոզված եմ, որ մեր քաղաքացիները չեն թողնի, որ որեւէ մեկը դրսում մնա կամ սնունդ չունենա։ Դրանք ժամերի խնդիր են։ Եթե անգամ որեւէ խնդիր է ծագում, դա ժամանակի խնդիր է, ուշ թե շուտ լուծվելու է։ Այս առումով անլուծելի խնդիրներ չունենք։ Ուղղակի պետք է համագործակցելով աշխատենք։