Մեր պայքարը արդար է, այն ինչ ասում է Ադրբեջանը՝ ստի վրա կառուցված է։ Մենք ոչ թե ասում ենք՝ հողերը չենք տալիս, որովհետև արյուն ենք թափել, այլ այդ հողերը մերն են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը։

Ինչո՞ւ Ադրբեջանը խախտեց հրադադարը և պատերազմ սկսեց, հարցին Լարիսա Ալավերդյանը նախ հստակեցնում է՝ պատերազմը Թուրքիայի կողմից էր ծրագրված։

«Նրանք մեկ նպատակ ունեն՝ տարածվել, նկրտումները՝ տարածքների հանդեպ նման է հին ժամանակներում, երբ շարժվում էին միայն թե նոր տարածքներ վերցնեն և այդտեղի ռեսուրսը սպառեն։ Դրանք ստեղծարար ազգեր չեն, նրանք կերտածն ուզում են սպառել։ Դա ծրագիր է, որ Թուրքիան իր համար կազմել է վաղուց։ Մենք պետք է հարցնենք՝ ինչո՞ւ հիմա։ Նրանց հաշվարկներն այն են, որ ժողովրդավար Հայաստանում կարծիքների բախումներ են տեղի ունենում և Ադրբեջանը դա թուլություն է համարում և գտնում է, որ ճիշտ ժամանակն է, և հաշվարկը հետևյալն է՝ ժողովուրդը պիտի գա իշխանությունններին պաշտպանի, բայց սրանք սխալ հաշվարկներ են։ Բոլոր ժամանակներում ժողովուրդն իր հայրենիքն է պաշտպանում, անկախ նրանից, թե պետության ղեկին որ քաղաքական ուժն է»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։

Հայկական կողմը հայտարարում է, որ մենք ահաբեկչության, ցեղասպանության դեմ ենք պայքարում, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն տիրի։ Լարիսա Ալավերդյանի համոզմամբ՝ ռիսկ կա, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կվերաճի տարածաշրջանային պատերազմի։

«Հավանականությունը շատ մեծ է, բայց ես կարծում եմ, որ ազդեցիկ և ուժեղ պետությունները բացարձակապես դրանով շահագրգռված չեն։ Արցախը Ադրբեջանի դեմ հաղթանակ է տարել, և նա չի կարողանաում դրա հետ համակերպվել, այսօր, որպեսզի նորից նա չխայտառակվի դիմել է Թուրքիային, վերջինս գտել է, որ այս տեկտոնական աշխարհաքաղաքական փոփոխությունների ժամանակ պետք է ավարտի այն, ինչը չի կարողացել 100 տարի առաջ։ Պիտի հիշեցնեմ, որ հենց Թուրքիան է ծնել Ադրբեջանը, նպատակը՝ այս տարածքներում ցեղասպանական գործունեությունը ավարտելն է և քանի որ դա չի ստացվել, նա մտածել է, որ հիմա ճիշտ ժամանակն է․․․․Թուրքիայի և Ադրբեջանի համար կարևոր է հայերին ոչնչացնելը՝ ինչպես խանգարող հանգամանք, և շատ մեծ առումով իր պատերազմը Ռուսաստանի հետ է։ Նա ուզում է այն դոմինանտ դերը, որն ունի Ռուսաստանը դարեր շարունակ, նա ուզում է այդ դարերի շարունակելիությունը կանգնեցնել և ինքը դոմինանտ դառնա։ Դա ոչ միայն վտանգ է Ռուսաստանի, այլև Կենտրոնական Ասիայի համար»,- նկատեց նա։

Լարիսա Ալավերդյանը Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտություն է տեսնում, քանի որ նրա պնդմամբ՝ այդ երկրները պատերազմական հանցագործություններ են անում։

«Ես զարմանում եմ, երբ ասում են՝ առանց նախնական պայմանների պետք է կանգնեցնել պատերազմը։ Ոչ, նախնական պայման պետք է լինի, այն է՝ այդ երկու պետություններն այսօր հանցագործություն են գործում, դրա մասին պետք է նախնական ձևակերպում լինի, որ մենք կարողանանք հասկանալ, որ ոչ թե մեզ նստեցնում են ցեղասպանների հետ հավասարը հավասարի հետ բանակցությունների, այլ տվյալ դեպքում հանցագործ երկու պետությունները պետք է հստակ լսեն այդ ուղերձը միջազգային հանրության կողմից, այն որ նրանք անհանգստացած են և այլն, դրանք բավարար չեն։ Որևե մեկը լսե՞լ է, որ հրեաներին առաջարկեին նստել նացիստների հետ բանակցել և գտնեին կոմպրոմիս, չի լսել, որովհետև Նյուրնբերգը հստակեցրել է, որ այս բախման մեջ կա մեղավոր, հանցագործ, և կա տուժող, որին ուզում էին ամբողջովին վերացնել, չի ստացվել։ Հիմա ես կցանկանայի, որ բոլոր պետությունները հստակեցնեին իրենց դիրքորոշումը, նրանք ընկալո՞ւմ են այն՝ ինչ ընկալել էին 1988թ․-ից 1990թ․-ին, որ 20-րդ դարում երկրորդ անգամ ցեղասպանական վտանգը կախված է հայոց ազգի վրա, իրենք հավատարիմ են մնացե՞լ այդ հստակ ձևակերպումներին։ ՄԱԿ անդամ պետությունները հստակ պայմանավորվածություններ ունեն՝ թույլ չտալ ցեղասպանություն։ Դրանք բանակցություններ չեն, որտեղ ասում են առանց նախնական պայմանների... Նախնական պայմանն այն պիտի լինի, որ Թուրքիային չեզոքացնեն, հետագայում նրան կանչեն պատասխանատվության։ Ադրբեջանն այսօր պետք է ընկալվի որպես ցեղասպանություն իրականացնող պետություն»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։

Ինչո՞ւ միջազգային հանրության հայտարարությունները հասցեական և կտրուկ չեն։ Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ հայկական կողմի աշխատանքը տեղեկատվական բնույթ է կրում։

«Մենք չունենք իրավական խիստ ձևակերպումներով փաթեթը, որտեղ այդ մեղադրանքները կլինեն։ Մենք պիտի դա կազմենք, այլ պետությունները արձագանքում են մեր տեղեկատվական ուղերձներին։ Ընդ որում՝ իրենք իրենց ունեցած միջոցներով շատ լավ գիտեն, թե ինչ է կատարավում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այդ աշխատանքը պակաս ջանք չի պահանջում։

«Մենք իրավաբանների, դիվանագետների բանակ պիտի ունենանք»,- շեշտեց նա։

Լարիսա Ալավերդյանն այս փոլում հրադադարի հիմքեր տեսնում է։

«Հրադադարի հնարավորություն տեսնում եմ, եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ավելի հստակ ձևավորեն իրենց պահանջը։ Թուրքիային չեզոքացնեն, դուրս հանեն նրան ագրեսիայից, որի գլխավոր դերակատարը Ադրբեջանն է։ Թուրքիան կողմ չէ, մենք չպետք է գնանք այդ սխալ ճանապարհով՝ ճանաչենք Թուրքիայն այս բախման կողմ, նա այսօր միջամտել է, և դա նույնպես հանցագործություն է»,- նկատեց Լարիսա Ալավերդյանը։ Ըստ նրա՝ Արցախի բանակն ու կամավորներն են այս փուլում պատերազմում, այսինքն՝ ՀՀ բանակը չի մասնակցում այդ գործընթացներին, ինչը շատ ուժեղ ուղերձ է։

«Որ կան կողմեր, դա Ադրբեջանն է, և չճանաչված, բայց 30 տարի օրինական կայացած, և օրինական զարգացող և լեգիտիմ իշխանություններով պետությունը՝ Արցախը, բայց նա տարիներ շարունակ միջազգային հարաբերությունների մեջ սուբյեկտություն ունի, ճանաչումը, որը մենք պահանջում ենք, ես պատշաճ պահերին միշտ դա պահանջել եմ և այսօր էլ գտնում եմ, որ ճիշտ է, կավելացնի նրա հնարավորությունները, իր սուբյեկտությունը, որ ոչ թե իր խոսքը փոխանցի Հայաստանին, այլ Հայաստան իր կողմից խոսի, Արցախն էլ՝ իր»,- հավելեց Լարիսա Ալավերդյանը։