Հիմա Արցախի հակամարտության կոնտեքստը փոխվել է, ոչ թե պետք է հավասարակշռել տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքները, այլ պետք է արցախահայությանը ֆիզիկական ոչնչացումից կամ լավագույն դեպքում տեղահանումից փրկելու համար ճանաչել նրանց որպես միջազգային իրավունքի սուբյեկտ որեւէ կարգավիճակով կամ դրա հետ սահմանակցող որեւէ կարգավիճակով։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։

«Կան այդպիսի նախադեպեր, երբ միջազգային իրավունքի սուբյեկտներ չունեն հստակ սահմաններ տարածքային առումով։ Միջազգային հանրությունը, կարծում եմ՝ այս լեզուն շատ ավելի լավ է հասկանում, քանի որ աշխարհի որեւէ կարգուկանոնով չկա նման բան, որ կարելի է ռմբակոծել քաղաքացիական բնակավայրերը, ենթակառուցվածքները, օգտագործել միջազգային օրենքով արգելված կասետային ռումբեր։ Սրանք բաներ են, որ որտեղ էլ լինի ամբողջ աշխարհը դատապարտում է։

Մենք այդ լեզվով ենք խոսում. Երեկ ես մասնակցում էի Ֆրանկոֆոնիայի  վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի  հեռավար նիստին, որտեղ մանրամասն ներկայացրեցի իրավիճակը։

Եվրանեսթում եւս երեկ ներկայացրեցինք իրավիճակը . մեզ սպասվում է ծանր աշխատանք, բայց արդեն բոլորդ էլ նկատում եք, որ վերաբերմունքն աստիճանաբար փոխվում է, որովհետեւ մարդիկ հասկանում են, որ սա տարածքի վեճ չի, այլ գոյամարտ է»,-հայտարարեց Եղոյանը։

Անդրադառնալով նրան, թե արդյոք այս օրերին Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը, «Իմ քայլի» պատգամավորն արձագանքեց. «Մեր կողմից Արցախի անկախության ճանաչումը միջազգային տեսանկյունից շատ բան չի փոխում, մեզ պետք է, որ այլ երկրներ ճանաչեն գոնե այնքան, որքան մենք ենք ճանաչում։ Այսինքն եթե այլ երկրներ արդեն սկսեն փաստացի ճանաչել, բարձր մակարդակով պատվիրակություններ գան Արցախ, համագործակցության մեխանիզմներ ստեղծվե, ինչպես մենք ունենք Արցախ հետ, դա արդեն մեծ առաջընթաց կլինի։

Ճանաչման տարբեր մակարդակներ կան, անպայման չի, որ հենց հիմա ճանաչվի որպես անկախ պետություն, դեսպանություն բացվի եւ այլն։ Դա վերջին փուլն է։ Հիմա արդեն Արցախի գոյամարտի ճանաչման գործընթաց է գնում, այդ պրոցեսը աննկատ սկսվել է արդեն։

Այլ ճանապարհ չկա, կամ էլ աշխարհը պետք է ասի՝ ցանկացած պետություն իր այսպես կոչված միջազգայնորեն ճանաչված տարածքում ինչ ուզի կարող է անել»։