ՀՀ կառավարությունը պատրաստել է ռեպորտաժ՝ կորոնավիրուսային հիվանդության տարածման երկրորդ ալիքի մասին, ներկայացրել իրավիճակի ծանրությունը, զրուցել բժիշկների հետ։

«Ես իմ հիվանդներին չեմ թողում, բայց մտքերով այնտեղ եմ։ Իրենք այնտեղ են պատերազմի մեջ, մենք` այստեղ»,- ասացին բժիշկները։

Մայրերն ու որդիներն առաջնագծում են. տղաներն՝ Արցախում, իրենք՝ վերակենդանացման բաժանմունքում։ Կռիվը թեժ է երկու ճակատում էլ։ Վերջին օրերին սրընթաց աճում են կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածության դեպքերը։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ փոխտնօրեն Պետրոս Մանուկյանն էլ նշեց, որ եւ՛ սոմատիկ բաժանմունքները, եւ՛ վերակենդանացման բաժանմունքները գերծանրաբեռնված են. «Ախտահարվածների մեջ մեծ թիվ են կազմում ծանր եւ ծայրահեղ ծանր հիվանդները, որոնք ունեն լուրջ վերակենդանացման միջամտությունների կարիք»։

Այս բժշկական կենտրոնում կորոնավիրոսով այսքան վարակվածներ եղել է միայն հունիս-հուլիս ամիսներին։ Վերջին օրերին գրանցված հակառեկորդային թվերը ծանրաբեռնել են ամբողջ առողջապահական համակարգը։ Սա այն դեպքում, երբ այսօր առաջնագծում վիրավորները նույնպես բժշկի կարիք։

«Յուրաքանչյուր ավելորդ սարքավորում, յուրաքանչյուր ավելորդ բժիշկ, որը ներգրավված կլինի COVID-19-ի բուժսպասարկմանը, դա տանում է մեր զինծառայողների՝ ավելի լիարժեք ապահովումից»,- նշեց ԲԿ փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը։

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանն էլ նշեց, որ այդ միտումները սարսափելի ընթացք կարող են ունենալ ապագայում. «Այս պահի դրությամբ դեպքերը ոչ թե կրկնապատկվում են, այլ հաջորդ 14 օրվա կտրվածքով գուցե քառապատկվում են»։

Կառավարությունը հայտնում է, որ հիմա հոսպիտալացվում է յուրաքանչյուր  6-ից 1-ը։ Համաճարակի ու ռազմական դրությամբ պայմանավորված՝ մահճակալային ֆոնդը հատկացվում է միայն ծանր հիվանդներին։ Եթե COVID-19-ի տարածման տեմպը չզսպվի, ապա շուտով բժիշկները ստիպված կլինեն կանգնել դժվարին ընտրության առաջ։