Արցախից եկած մեր հայրենակիցները, որոնք ունեն որոշակի կարիքներ կեցավայրի կամ որեւէ այլ տիպի, այդ խնդիրները ինչ-որ ձեւով այս պահին լուծված են: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե Արցախից Հայաստան եկած մարդկանց կեցության, այլ կարիքներն ապահովելու համար ինչ խնդիրներ են լուծվել եւ ինչպես:
«Մենք քննարկում ենք այդ հարցը, որ ստեղծենք գործիքներ, որոնք այդ հարցերին կտան ավելի կանոնակարգված լուծում: Իհարկե, դա կախված կլինի, թե իրադարձություններն ինչպես կզարգանան: Շատ լավ կլինի, որ զարգանան այնպես, ինչպես կանխատեսում ենք: Ես վստահեցնում եմ, որ այդ խնդիրներն օրակարգային են մեզ համար, կա շտաբ, որ այդ հարցերով զբաղվում է եւ վստահեցնում եմ, որ ցանկացած պահանջված լուծում կառավարության կողմից կտրվի, մենք որեւէ խնդիր չենք ունենա»,-ասաց փոխվարչապետը:
Նա հավելեց, որ այս պահին դա իրականացվում է կառավարության աշխատակազմի շրջանակներում՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համագործակցությամբ, բայց մոտ ժամանակներում դա մի քիչ կձեւափոխենք:
Մհեր Գրիգորյանը չբացառեց, որ արցախցիներին հատկացվեն նաեւ պանսիոնատների տարածքներ, ինչպես դա արվեց կորոնավիրուսով վարակվածների հետ կոնտակտավորների դեպքում. «Ցանկացած հնարավորություն կօգտագործվի այդ խնդրի լուծման համար»:











