Ցավոք, թվերի աճը մեզ ստիպեց կրկին վերադառնալ նույն գործելաոճին. չնայած, մեր ուժերը հիմնականում կենտրոնացրել ենք ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովման աշխատանքներում, սակայն լրացուցիչ ուժեր, այդ թվում՝ կին ոստիկանների ներգրավվել ենք կորոնավիրուսի դեմ պայքարին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։
«Մենք արդեն իսկ անցել ենք հին ռեժիմով աշխատանքների կատարմանը, և տույժերը վերադարձել են։ Գերծանրաբեռնված տրասնպորտային միջոցների նկատմամբ ևս ունենք համապատասխան որոշումներ կայացված, հսկողությունը շարունակվում է»,- նշեց փոխոստիկանապետը։
Լրագրողի դիտարկմանը, թե օրինակ, ինքը Բարեկամությունից մինչև Ազգային ժողով ոտքով եկել է և ոչ մի տեղ ոստիկանի չի հանդիպել, բացառությամբ հատուկ պահպանվող տարածքների դիմաց, Արա Ֆիդանյանը կրկնվեց, որ ոստիկանության ուժերի գերկաշիռ մասը ներգրավված է ռազմական դրության իրավական ռեժիմով սահմանված գործողությունների իրականացմանը։
«Մենք այդքան ուժ և կարողություն չունենք, որ յուրաքանչյուր քայլին ոստիկաններով ապահովենք, որպեսզի քաղաքացիները պահանջի ներքո դիմակներ կրեն։ Որքան հնարավոր է մենք փորձում ենք ապահովել»,- հավելեց նա։











