Ավստրիայի ՆԳ նախարար Կառլ Նեհամերը Վիեննայի կենտրոնում հրաձգությունն ահաբեկչություն է անվանել։ Նա ORF հեռուստաընկերությանը հայտնել է, որ վիրավորված է մի քանի մարդ, եւ կան, հավանաբար, նաեւ զոհվածներ․ «Այս պահին ենթադրում ենք, որ հանցագործները մի քանիսն են եղել»։

Ավելի վաղ ավստրիական APA լրատվական գործակալությունը, վկայակոչելով ՆԳ նախարարությանը, հայտնել էր, որ հարձակվողներից մեկը զոհվել է, ոստիկանը ծանր վիրավորում է ստացել։ Ըստ նախարարության հաղորդագրության՝ հարձակման մեջ կասկածվողներից մեկը, հավանաբար, փախուստի մեջ է։ Նշվում է, որ նրանցից մեկն էլ ձերբակալվել է։

Ոստիկանությունից հայտնել են, որ եղել է մի քանի հրաձգություն։ Հանրությանը կոչ է արել խուսափել համացանցում տեսանյութ կան լուսանկարներ հրապարակելուց՝ հայտարարելով, որ դրանք վտանգ են ներկայացնում ինչպես ոստիկանության, այնպես էլ քաղաքացիական բնակչության համար։

Արտակարգ ծառայությունների մեքենաները արգելափակել են փողոցները եւ այդ շրջանում տրամվայների երթեւեկությունը կասեցրել։

Լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին Վիեննայի կենտրոնում հրաձգության հետեւանքով 7 զոհվածի մասին, բայց այս տեղեկությունն առայժմ պաշտոնապես չի հաստատվել։

Հրաձգությունը տեղի է ունեցել սինագոգի մոտ, բայց առայժմ հայտնի չէ՝ ա՞յն է եղել արդյոք ահաբեկիչների թիրախը։