Այս պահի դրությամբ Երեւան համայնքի ոչ մի աշխատակից պարգեւավճար չի ստացել սեպտեմբեր եւ հոկտեմբերի ամսիների համար՝ հաշվի առնելով ներկայիս իրավիճակը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի փոխքաղաքապետ Սերգեյ Ներսեսյանը:
«Աստված տա շուտ ավարտվի պատերազմը, ինչու չէ, էլի կստանան: Պարգեւավճարը ցանկացած աշխատողի ոգեւորելու, քաջալերելու միջոց է, եւ ես կողմ եմ դրան: Բայց այս պահին կպատասխանեմ, որ սեպտեմբերհոկտեմբեր ամսիների համար պարգեւավճար չի սահմանվել ու չի տրվել»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է նրան, որ եղել են աշխատակիցներ, որ հրաժարվել են պարգեւավճարից եւ այն փոխանցել «Հայաստան» հիմնադրամին, փոխքաղաքապետն ասաց. «Դա լրիվ այլ ձեւ է իրականացվում: Երբ որ տրամադրվում են պարգեւավճարները, ամեն մարդ, քանի որ դա իր գումարն է, ինքը կարող է որոշել եւ այդ գումարը ուղղել այնտեղ, որտեղ հարմար կգտնի: Իսկ այս դեպքում դա եղել է քաղաքապետի եւ աշխատակազմի ընդհանուր դիրքորոշումը, որ հիմա այն վիճակը չի, որ որեւէ մեկը պարգեւավճար ստանա: Փոխարենը 100 մլն դրամ փոխանցվեց Ստեփանակերտին: Նմանատիպ քայլեր էլի մեր կողմից կձեռնարկվեն»:











