Մենք քննարկել ենք Ժուռնալիստների միության նախագահի դիմումը եւ ի պատասխան առաջարկել,  որ ամենաարագ ճանապարհը՝ տուգանքները Վարչական դատարանում բողոքարկեն։  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

«Հաշվի ենք առել մի շարք հանգամանքներ, օրինակ՝ այն, որ Սահմանադրական դատարանը այսօր դիմում չի քննում, նույնիսկ նախկինում մուտք արված դիմումները չեն քննվում, ինչպես նաեւ մենք խնդիր ունենք անհրաժեշտ ձայների թվով ՍԴ դիմելու հետ կապված, որովհետեւ մարդկային ռեսուրսի խնդիր ունենք, մեր մի շարք անդամներ մեկուսացված են, չգիտեմ նաեւ, թե ԲՀԿ-ն ինչ պատասխան է տվել, այդ իսկ պատճառով, որպեսզի ավելի արագ լինի՝ ճիշտը Վարչական դատարանում տուգանքները բողոքարկելն է»,- նշեց պատգամավորը։

Նշենք, որ երեկ՝ նոյեմբերի 2-ին, Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը դիմել էր ՀՀ նախագահին,  եւ խորհրդարանական «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին, որպեսզի նրանք իրենց տրված լիազորությունների շրջանակում հնարավորինս սեղմ ժամկետում դիմեն ՀՀ սահմանադրական դատարան ՀՀ կառավարության 1655-Ն որոշման սահմանադրականության ստուգման հարցով, հատկապես այն պարագայում, որ փոփոխությունը խախտում է Սահմանադրությամբ նախատեսված կարծիքի արտահայտման ազատությունը եւ համաչափ չէ հետապնդվող իրավաչափ նպատակին։

Ռազմական դրության պայմաններում արգելված է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը եւ պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որեւէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումը, ինչն ըստ Ժուռնալիստների միության նախագահի՝ խոսքի ազատության սահմանափակում է։

«Սահմանադրությամբ, իհարկե, նախատեսված է, որ ռազմական դրության ժամանակ կարող է սահմանափակվել նաեւ տեղեկատվության ազատությունը։ Օրինակ, համավարակի ժամանակ ես ուսումնասիրում եւ տեսնում էի, որ խտրականություն կա, հիմա պատերազական վիճակում զբաղվածությունից ելնելով չեմ հասցրել ուսումնասիրել, բայց ուսումնասիրելու եմ եւ կանեմ համապատասխան հարցումներ։ Եթե կա այդ խտրական մոտցումը, ինչը ես չեմ բացառում, դա դատապարտելի է, եւ դա դա նշանակում է, որ գործիքը, որը պիտի կիրառելի լինի բոլորի համար, փաստորեն դառնում է մահակ նրանց համար, ում բազմիցս որպես «սեւ» լրատվամիջոց իշխանությունները մատնացույց են արել, ինչն ըստ իս արդար չէ, եւ տիկին Սեյրանյանի բողոքն այդ առումով շատ տեղին է»,- հավելեց Անի Սամսոնյանը։

ԼՀԿ-ական պատգամավորի դիտարկմամբ՝ կարեւոր հանգամանք է նաեւ այն, թե  ինչպե՞ս  է որոշվել, որ տվյալ տեղեկատվությունը խուճապ է տարածել։

NEWS.am-ը հարցի վերաբերյալ մեկնաբանություն համար դիմեց նաեւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը։ Պատգամավոր Իվետա Տոնոյանը փոխանցեց․

«Քանի որ խմբակցության որոշ անդամներ հիմա Մոսկվայում են, մի մասն էլ կամավորական ջոկատների հետ առաջնագծում, որոշել ենք նրանց վերադառնալուց հետո քննարկել խմբակցությունում, ապա արձագանքել Ժուռնալիստների միության նախագահի առաջարկին։