Եթե պետք է նման համաձայնագիր լիներ, թող լիներ սրանից 10-15 օր առաջ։ Նման տեսակետ NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց ազատամարտիկ Նվեր Գրիգորյանը, որը 45 օր ռազմաճակատում կռվելուց հետո այսօր վերադարձել է Երևան։ Խոսելով պատերազմական ծանր օրերի մասին, ազատամարտիկը նշեց, որ իր հետ գտնվող տղաներից 9–ը զոհվել են։

«Թշնամին փորձում էր սպանել հրամանատարական կազմին, մնացածին փորձում էին վիրավորել՝ շատ լավ իմանալով, որ նման դեպքերում մյուս ընկերները կփորձեն երկու երեք հոգով  իջեցնել վիրավորին։ Իսկ նրանց նպատակը հենց դա էր, որ հայերը շտապեն վիրավոր զինվորին օգնության և դիրքը շուտ ազատվի։ Վիրավորներ էին լինում, որոնց չորս հոգով էինք իջեցնում, որովհետև սարի գլխից վիրավոր իջեցնելը շատ բարդ է։ Այդպես են սկսվել դաժան, կարկտային օրերը»,–պատմեց ազատամարտիկը։

Նվեր Գրիգորյանը նշեց, որ իրենց ջոկատի կազմակերպվածությունը բարձր մակարդակի է եղել «Մենք ունեցել ենք մի քանի «Պիկապ» մեքենաներ, որը մեր տղաներին է եղել, առաջին մի քանի օրը մենք բանակից չենք էլ օգտվել, մինչև կարգավորվել է ամեն ինչ. հոկտեմբերի 6-ից հետո արդեն օգտվել ենք իրենցից։

Գրիգորյանը հայտնեց, որ իր ընկերները չեն թողել դիրքերը և չեն վերադարձել. ինքը նույնպես  16-17 հոգու հետ պատրաստվում է վերադառնալ Արցախ։

Անդրադառնալով Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, թե զորքը հյուծված վիճակում էր, ազատամարտիկն ասաց. «Մենք Մատաղիսի ուղղությամբ ենք եղել, մեր տեղերքը բոլորը մարտական էին տրամադրված։ Հետո մեր դիրքը փոխեցինք, և գնացինք այլ հրամանատարի մոտ։ Այդտեղի հրամանատարությունն արտակարգ էր, իր մոտ եկած զինվորներին միշտ պահում էր չորրորդ-հինգերորդ գծում։ Չեմ ուզում անուն նշել, բայց իր մոտ զինվորը հյուծված չի եղել»։

Ազատամարտիկն անընդունելի համարեց երեք երկրների կողմից ստորագրված համաձայնագիրը, քանի որ ըստ նրա՝ դա իրենցից թաքուն է արվել։

«Եթե պետք է նման համաձայնագիր լիներ, թող լիներ սրանից 10-15 օր առաջ։ Զորահավաքի ուժերը իմ աչքի առաջ մեքենայից իջել են, ռմբակոծել են։ Զորքը չգիտեր՝ առանց հրամանատարության ուր գնա, ինչ անի։ Շատ տեղերում տղաները զենքերը թողնում ու գնում էին, քանի որ կազմակերպվածության խնդիր կար։ Այսպես չպետք է լիներ։ Վարչապետը ժամանակին ասում էր առանց ձեզ հարցնելու ոչ մի բան չեմ որոշելու, բայց իրականում մի գիշերվա մեջ արեց բան, որը ոչ մեկիս սրտով չէր։ Հիմա ես չգիտեմ՝ ի՞նչ պատասխան եմ տալու իմ զոհված ընկերների հարազատներին։ Ասում են՝ մարդիկ նկուղներում թաքնված էին, հիմա էլ դուրս են եկել բողոքի։ Ես եկել եմ Արցախից, նորից գնալու եմ, իսկ բողոքի մասնակիցներին կասեմ, որ ճիշտ եք անում։ Որովհետև այդ մասնակցիներին ժամանակին ասում էին՝ առանց ձեզ ասելու ոչ մի հարց չի լուծվելու։ Արդարությունը պետք է վերականգնվի։ Մեզ այսպիսի իշխանություն պետք չէ։ Թող գա մեկը, որն այս ազգին կհանի այս վիճակից։ Մենք ազգ էինք, հիմա դարձել են ժողովուրդ»։

Դիտարկմանը, թե արցախցիները պատրա՞ստ են հետ վերադառնալ, ազատամարտիկն ասաց.

«Մարդիկ գնան Արցախ՝ թուրքի յաթաղանի տակ ապրելո՞ւ։ Վարչապետը կգնա՞, կապրի՞, ո՞ր մեկս կապրի։ Վարչապետը թող իմանա, որ մարդիկ Արցախ չեն վերադառնալու և իրենից էլ տուն են պահանջելու։ Շուշիի թշնամու ռազմաբազայի տակ մարդ կարո՞ղ է ապրել։ Չի կարելի մարդուն գրչի մեկ հարվածով իր հող ու ջրից կտրել»,–եզրափակեց Նվեր Գրիգորյանը։