Դեկտեմբերի 29-ին համացանցի ադրբեջանական տիրույթում տարածվել են կադրեր, որտեղ, ադրբեջանական կողմի պնդմամբ, պատկերված են Հադրութի շրջանի Հակակու գյուղի մերձակայքում սպանված 6 հայ զինծառայողների մարմիններ։ Ըստ երեւույթին, խոսքը 2 օր առաջ տեղի ունեցած մարտի մասին է, երբ հայկական կողմը հերքում էր դրան իր մասնակցությունը։ Ենթադրվում է, որ նրանք Հադրութի տարածքում մոտ երկու ամիս թաքնված խմբերից մեկի զինվորներն են, որոնք, թշնամու կողմից հայտնաբերվելուց հետո  մարտի են բռնվել, սակայն զինամթերքի սահմանափակ լինելու պատճառով չեն կարողացել երկար դիմադրել։

Միայն այսօր ՊԲ–ն տարածել է հաղորդագրւթյուն, որում ևս մեկ անգամ հաստատում են, որ Արցախի պաշտպանության բանակը ո՛չ դեկտեմբերի 27-ին, ո՛չ նախորդող եւ ո՛չ էլ հաջորդող օրերին ընդգրկված չի եղել որեւէ մարտական գործողության մեջ։ Ադրբեջանը, ներկայացված «մարտերի» պարագայում, խոսում է իրենց իսկ կողմից վերահսկվող տարածքների խորքում, առաջնագծից բավական հեռու գտնվող գյուղի մասին։ ՊԲ–ն նաև պատահական չի համարում, որ նախօրեին Ադրբեջանը խախտել է վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությունը եւ չի թույլատրել որոնողական խմբերի մուտքը տարածքներ, որտեղ, իրենց պնդմամբ, ընթացել են այդ «մարտերը»։ Ներկայում ակտիվ աշխատանքներ են ընթանում՝ պարզելու տարածված կադրերում պատկերված անձանց ինքնությունը։ Պաշտպանության բանակը չի բացառում, որ գործ ունենք ավելի վաղ ադրբեջանական գերության մեջ հայտնված քաղաքացիների դաժան սպանության հետ։

Հադրութից, Ջաբրայիլից, Կուբաթլուից եւ Զանգելանից հայտնաբերվել է եւս 22 զոհված հայ զինծառայողի աճյուն: Այժմ որոնումներ են ընթանում Ֆիզուլիում, իսկ Կուբաթլիում որոնումները շարունակել, չնայած պայմանավորվածությանը, Ադրբեջանը թույլ չի տվել։ Ընդհանուր առմամբ զինադադարից հետո հայտնաբերվել է 1133 զոհված զինծառայողի մարմին:

Բանակի փոխգնդապետ է կալանավորվել, որի գործողությունների հետեւանքով, ըստ մեղադրանքի, զոհվել է 18 զիծառայող, մեկը՝ վիրավորվել։ Բողոքը գլխավոր դատախազություն է ներկայացրել  զոհված զինծառայողներից մեկի հայրը, որը նաեւ դեպքի ականատեսն է եղել։ Ըստ նրա՝ ԱԹՍ-ի հարվածից խուսափելու նպատակով անձնակազմն իջել է Ուրալ մակնիշի մեքենայից եւ ցրվել տարածքով, սակայն զորամասի հրամանատարի տեղակալը հրամայել է վերադառնալ մեքենա եւ շարունակել ճանապարհը, որի առջեւից իր ավտոմեքենայով  շարունակել է ընթանալ զինվորի հայրը։ Րոպեներ անց հրթիռը հարվածել է Ուրալին, բռնկվել է հրդեհ, 19 զինծառայողներից մեկն է ողջ մնացել։

Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի գյուղնշանակության կարեւոր հողերը, գյուղի ՀԷԿ-ը հանձնվում են Ադրբեջանին՝ մոտ 30 հեկտար։ Այս մասին ասել է Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։ Նրա խոքով՝ այգիներում ամառանոցներ կային, իսկ աշխատողներն ՀԷԿ-ից տեխնիկան չեն հասցրել դուրս բերել։ Նշենք, որ ըստ տելեգրամյան ալիքների, այսօր Մոսկվայում կայացած՝ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԱԾ ղեկավարների հետ հանդիպմանը քննարկվել ու համաձայնեցվել է Հայաստանի նոր սահմանները։

Երեկ երեկոյան ՀՀԿ գրասենյակում Սերժ Սարգսյանի նախագահությամբ կայացել է կուսակցության գործադիր մարմնի նիստ։ Դրանից հետո ՀՀԿ–ն հայտարարություն է տարածել, ըստ որի ՀՀԿ մասնակցությունը գործող վարչախմբի հետ որեւէ քաղաքական քննարկումների բացառվում է։ Վերահաստատվել է, որ պետության վերականգնման անկյունաքարային  քայլը գործող կառավարության անհապաղ հեռացումն է։ Կուսակցության հետագա անելիքների մասին որոշումները ինչպես առանձին, այնպես էլ «Հայրենիքի փրկության շարժման» շրջանակում կկայացվեն հաջորդ տարեսկզբին։

Սյունիքից ընտրված պատգամավոր Աննա Գրիգորյանը դուրս է եկել  «Իմ քայլը» խմբակցությունից, սակայն վայր չի դրել մանդատը: «Մեր երկրի համար այս դժվարին և պատմական պահին իմ պարտքն եմ համարում ժողովրդի արդարացի պահանջները լսելի դարձնել՝ կաշկանդվածություն չունենալով որևէ քաղաքական ուժի առջև»,- գրել է նա։

Վարչապետի հերթական նշանակումը աղմուկ է բարձրացրել սոցհարթակներում։ Հայտնի մարզական հեռուստամեկնաբան Կարեն Գիլոյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարար՝ սպորտի գծով։ Գիլոյանը շտապել է հայտարարել, որ քաղաքականությամբ չի զբաղվելու եւ աշխատելու է միայն հայկական սպորտը զարգացնելու ուղղությամբ, նաեւ խնդրել իր նշանակումը չքաղաքականացնել, քանի որ ինքը  սպորտի մարդ է:

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին՝ Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Հիշեցնենք, որ Պուտինը ուղերձներ է հղել նաեւ վարչապետ Փաշինյանին ու նախագահ Արմեն Սարգսյանին։

Հայաստանում նախօրեին նոր կորոնավիրուսով վարակվելու 582 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 158878-ի: Մեկ օրում վիրուսից մահացել է 10 քաղաքացի, եւս 3 վարակվածի մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Մահացածների ընդհանուր 3486 է:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» վակցինայով: Ռուսաստանը COVID-19-ի դեմ պավաստանյութի օրինակներ էր նվիրաբերել նոյեմբերի 21-ին: Քանի որ «Սպուտնիկ V»-ն դեռ գրանցված չէր, բնակչության շրջանում վստահության բարձրացման և հնարավոր շահարկումներից խուսափելու նպատակով՝ առաջինը պատվաստվել է ոլորտի ղեկավարը։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.29 դրամով եւ կազմել  522.59 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.29 դրամով ու հասել  641.11 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 5.41 դրամով ու հասել 709.47 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.08 դրամով  ու կազմել 7.02 դրամ:

Դեկտեմբերի 31-ին երկրում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում եւս տեղումներ չեն լինի։ Գիշերը մայրաքաղաքում կլինի 9-ից 11 աստիճան զրոյից ցածր, վաղը ցերեկը 2-4 աստիճան տաքություն։