Հայաստանում փետրվարի 5–ի երեկոյան ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել։ Էպիկնետրոնը՝ Գեղարքունիքի մարզի՝ Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արեւելք։ ԱԻՆ-ը հաղորդում է, որ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է` Գեղարքունիքի մարզում 5-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Տավուշի, Լոռու եւ Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում 4-6 բալ ուժգնությամբ, Երեւան քաղաքում 3-4 բալ ուժգնությամբ:
Արցախի Պաշտպանության բանակը հրապարակել է հայրենիքի համար մղած մարտերում զոհված 52 զինծառայողների անունները: Ըստ պաշտոնական տվյալների, հայկական կողմի զոհերի թիվը հասել է 2175-ի: Վերջին ցուցակում 52 նահատակվածներից 15-ը 18-ից 20 տարեկան, 15-ը՝ 21-ից 30 տարեկան երիտասարդներ են։
Զոհված զինծառայողի նույնականացման եւ մարմինը հարազատներին հանձնելու սկանդալային եւ ահասարսուռ միջադեպ է բացահայտել մամուլը։ «Հրապարակը» գրում է, որ Արագածոտնի Բազմաղբյուր համայնքից զինծառայողի ծնողներին իրենց որդու փոխարեն ուրիշ զինծառայողի դի են տվել. նրանք նոյեմբերին հուղարկավորել են իրենց որդուն, սակայն 3 օր առաջ նրանց զանգել և ասել են, որ թյուրիմացություն է տեղի ունեցել՝ գերեզմանում իրենց որդին չէ, պետք է արտաշիրմում անել եւ դիակը հանձնել տիրոջը։ Պարզվել է նկարով շփոթել են միմյանց շատ նման երիտասարդների։ Հիմա հարազատներն իրենց որդու դիակն են փնտրում։
Աղդամի շրջանում պայթյունի հետեւանքով զոհվել է ադրբեջանցի զինծառայող, եւս երկուսը վիրավորվել են, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Հիշեցնենք, որ օրեր առաջ նույն շրջանում դարձյալ ականի պայթյունից սակրավոր էր ծանր վիրավորվել։
«Հայրենադավ իշխանություների հետ» աշխատելու անհնարինության հիմնավորմամբ պաշտոնից ազատման դիմում է գրել Քննչական կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման եւ վիճակագրության վարչության պետի պաշտոնակատար Հակոբ Հակոբյանը: «Լինելով ՀՅԴ անդամ՝ իմ աշխատանքը հայրենադավ իշխանություների հետ անհամատեղելի եմ համարում», գրել է Հակոբյանը եւ ամփոփել. «Կեցցե Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստանը»:
Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացած նիստին վարչապետ Փաշինյանը ելույթ է ունեցել եւ ընդգծել այն միջոցառումների կարևորությունը, որոնք ուղղված են բարձր և, մասնավորապես, թվային տեխնոլոգիաների ոլորտում գործակցության հետագա զարգացմանը: Նա կարեւորել է ԵԱՏՄ-ում հատուկ պաշտպանիչ, հակադեմպինգային և հակակշռող միջոցառումների կիրառման մեխանիզմների կատարելագործումը: Նիստի մասնակիցները քննարկել են մաքսային տարածքում արձագանքման միջոցների կիրառման հարցերին, նիստի արդյունքներով ստորագրել մի շարք փաստաթղթեր։
Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիի հետ: Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը հայտնել է, որ ավելի քան մեկ ժամ տեւած զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանում եւ Արցախում ստեղծված իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: Կողմերն ընդգծել են ԱՄՆ կողմից իրականացվող եւ ակնկալվող հումանիտար օգնության կարեւորությունը: Հրատապ խնդիր է դիտվել մանավանդ ռազմագերիների անհապաղ վերադարձը եւ հայ բնակչության, պատերազմում զոհվածների ընտանիքների, վիրավորների եւ հաշմանդամների սոցիալական կարիքների ապահովումը:
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ մասնակցելու է ընտրություններին, բայց թե որ ուժի հետ՝ ինքը կորոշի: «Յուրաքանչյուր անհատի սահմանադրական իրավունքն է, նաեւ պարտականությունը այս նեղ, անելանելի իրավիճակում մասնակցելու: Կմասնակցեմ, բայց ինչ ձեւաչափով, որ ուժի հետ, դա ինքս կորոշեմ»,- ասել է նա:
Աբովյանի համար 1 դպրոցում երրորդ օրն է լարված իրավիճակ է. աշակերտներն ու ուսուցիչները բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանի: Ուսուցիչներն ու աշակերտները հայտարարել են, որ եթե Առաքելյանը մնա տնօրեն՝ իրենք կհեռանան։ Ոստիկանները փակել են տնօրենի աշխատասենյակ տանող միջանցքները եւ թույլ չեն տվել աշակերտներին մոտենալ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դպրոցի աշխատակազմի պնդմամբ, նոր տնօրենը Կոտայքի նախկին մարզպետ, այժմ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի ընտանիքի մտերիմն է եւ նրա հովանավորությամբ է Առաքելյանը նշանակվել տնօրեն։ Ռոմանոս Պետրոսյանն այս տեղեկությունը հերքել է։
Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 158 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 167726-ի: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների ընդհանուր թիվը 3888 է:
Ադելիա Պետրոսյանն արծաթե մեդալ է նվաճել գեղասահքի Ռուսաստանի պատանեկան առաջնությունում: 13-ամյա գեղասահորդուհին ելույթ է ունեցել Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո։ Գեղասահքի պատանի աստղն իր ելույթի առնչությամբ ասել է. «Հայրական կողմից ես հայ եմ: Վերջերս Հայաստանը պատերազմում Արցախը զիջեց Ադրբեջանին։ Ինձ համար շատ կարևոր է, որ իմ ելույթով զորակցում եմ իմ ժողովրդին, որի արյունը հոսում է իմ երակներում, և որ Արցախը վերադարձվի Հայաստանին: Ցավոք, ինքս չեմ եղել Արցախում, բայց ցանկանում եմ սառույցի վրա հաղթել ի պատիվ իմ երկրի»։
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.53 դրամով եւ հասել 521.13 դրամի: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.27 դրամով ու կազմել է 624.21 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 6.40 դրամով ու հասել 713.48 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.05 դրամով ու հասել 6.95 դրամի:
Փետրվարի 6-ին երկրում սպասվում է առանց տեղումների եղանակ: Եղանակը կտաքանա փետրվարի 8-9-ը՝ 4-6 աստիճանով։ Երեւանում եւս տեղումներ չեն լինի։ Մայրաքաղաքում գիշերը կլինի 0-ից -2, վաղը ցերեկը՝ +9-ից +11։











