Կառավարության շենքի առջեւ հերթական ցույցի էին հավաքվել անհետ կորածների ու ռազմագերիների ծնողներն ու հարազատները։ Նրանց պնդմամբ՝ գործադիրը ոչ մի բան չի ձեռնարկում, ինչ էլ որ արվել է՝ ծնողների ջանքերի շնորհիվ։ Ծնողները պնդում են՝ իրենք պարզել են, որ 282 գերի ունենք։ Ցույցին մասնակցում էին նաեւ գերիների ու անհետ կորածների մանկահասակ զավակները, որոնց կրծքին գրություններ էին փակցված։
Նկարի մեջ որդին չի երեւում, բայց հարսը կարողացել է հագուստով ճանաչել նրան, ասել է գերիներից մեկի մայրը. «Որտեղ գնում ես, ասում են՝ աշխատանքներ են կատարվում, բայց ի՞նչ է կատարվում, երբ որդուս մասին արդեն 113–րդ օրն է լուր չունեմ»,– ասել է նա։
Ծնողներին նաև զայրացրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի հետ հանդիպմանը նախկին նախարարի հնչեցրած այն միտքը, որը նրանց խոսքով իրենց ասել է՝ «շնորհակալ եղեք, որ այդ 5 գերին էլ վերադարձել է»։
Անհետ կորածների հարազատները, որպես շնորհակալության հեգնական ժեստ, մի տուփ շոկոլադ և գինի ուղարկեցին Արսեն Թորոսյանին, ավելի ուշ՝ նաև շաքարաքլոր։
Զայրացած ցուցարարները փակեցին Տիգրան Մեծ պողոտան։ Նրանց մոտեցավ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, որը ապարդյուն փորձեց համոզել բացել փողոցը՝ վստահեցնելով, որ Թորոսյանն այդպիսի բան չի ասել։ Ծնողներից մի քանիսին հրավիրեցին ներս՝ կրկին Թորոսյանի հետ հանդիպելու։ Հանդիպումից հետո ծնողներից մեկը հայտարարեց, որ բացում են փողոցը՝ չմանրամասնելով, թե ինչ են խոսել Թորոսյանի հետ։ Մի քանի ծնող հրաժարվեցին բացել փողոցը, ինչից հետո քաշքշուկ սկսվեց ոստիկանների և անհետ կորածների հարազատների միջև։ Ի դեպ, ոստիկանների թիվն այսօր մի քանի անգամ գերազանցում էր ցուցարարների թվին։ Ի վերջո հարազատները որոշեցին բացել ճանապարհը՝ նշելով, որ առաջիկայում կներկայացնեն իրենց հետագա անելիքները։
Նախօրեին փրկարարներն Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Վարանդա-Ֆիզուլիի շրջանից հայտնաբերել են ևս 4 զոհված զինծառայողի աճյուն: Ճանաչման համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Որոնումների ընթացքում մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1371 աճյուն:
Վաղը՝ փետրվարի 12-ին, ժամը 15-ին Ազատության հրապարակում հավաքվելու կոչ է տարածել «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։ Նա ահազանգել է, որ գաղտնի փաստաթղթով ի վնաս Հայաստանի որոշվում են Սյունիքի սահմաններն ու նրանով անցնող կոմունիկացիաները: «Ինչպես 2020-ի նոյեմբերի 9-ի գիշերը, մի օր կարթնանանք ու կպարզենք, որ այլևս չունենք Սյունիք: Մեր աչքի առաջ մենք կորցնում ենք մեր Հայրենիքը», գրել է Վազգեն Մանուկյանը եւ շեշտել, որ պետք է հավաքվել հետագա անելիքները որոշելու համար։
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան հյուրընկալվել է «Հայրենիքի փրկության շարժման»՝ Հանրապետության հրապարակում տեղադրած վրանում, որտեղ եղել են Հանրապետական կուսակցության անդամներ: Նա մոտ մեկ ժամ զրուցել է վրանում հերթապահող ցուցարարների հետ։
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի առաջարկը՝ վիրավորանքի համար փոխհատուցման չափը 1-ից 5 մլն հասցնելու, իսկ զրպարտության համար՝ 2-ի փոխարեն մինչեւ 10 մլն դրամ փոխհատուցելու մասին, խորհրդարանում բուռն քննարկման տեղիք է տվել։ Պատգամավոր Սոֆյա Պետրոսյանը նույնիսկ ծաղրանքով գրել է՝ «Երբ ֆեյքերի բրիգադիրը «պայքարում» է ֆեյքերի դեմ», նաև պատմել է «Իմ քայլից» դուրս գալիս իշխանության ֆեյքերի զրպարտությունների ու հոգեբանական տեռորի ենթարկվելու դրվագներ։
«Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում է, որ այս օրինագծով Հայաստանում թերթերին դատի կտան, իսկ ֆեյքերի ֆաբրիկան կշարունակի գործել: Մարուքյանն իրեն համարել է ամենազրպարտված եւ վիրավորված քաղաքական գործիչներից մեկը։
Դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոցի չեղարկման մասին միջնորդությունը:
Հիշեցնենք, որ գեներալի գրավը վերադարձնելու միջնորդությունը ներկայացրել էր Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը: Փաստաբանը շեշտել էր հերոսների նկատմամբ նման վերաբերմունքի անթույլատրելիությունը, նաեւ նշել, որ իր պաշտպանյալը ոչ մի դատական նիստ բաց չի թողել:
Դատավոր Դանիբեկյանի որոշումը Միհրան Պողոսյանը որակել է որպես իրավագիտության ծաղր: Ըստ նրա՝ Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոցի կարգավորումը Սահմանադրական դատարանը հակասահմանադրական էր ճանաչել: «Չկա իրավական գործընթաց: Դատավոր Աննա Դանիբեկյանը միայն ապահովում է աբսուրդի թատրոնի շարունակումը»,- շեշտել է փաստաբանը:
Հայ-Ռուսական համալսարանի ուսանողներն ու դասախոսներն ի աջակցություն համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի՝ բողոքի ակցիա են իրականացրել բուհի հիմնական մասնաշենքի մոտ։ Հիշեցնենք, որ օրերս Դարբինյանը գրել էր, որ իրեն պաշտոնանկ անելու ձախորդ փորձերից հետո հրաժարականի պահանջ է փոխանցվել ԱԱԾ-ի միջոցով:
Երեկ երեկոյան ԱԱԾ մեկուսարանից դուրս գալով «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ, ազատամարտիկ Վահան Բադասյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իրեն առաջադրված մեղադրանքը ծիծաղելի է եւ ինքը 15 օր գտնվել է ֆիզիկական եւ հոգեբանական խոշտանգման պայմաններում, հիշեցնելով, որ պատերազմում վիրավորումից հետո պետք է լիներ հետվիրահատական բուժման մեջ։
Հիշեցնենք, որ հունվարի 28–ին Եռաբլուրում, Վահան Բադասյանն ասել էր, որ Նիկոլ Փաշինյանը պետք է վերանա ու հեռանա, իսկ եթե չի հեռանում, ուրեմն կվերացնեն ֆիզիկապես, զենքով։
Իշխանության ներկայացուցիչները, մասնավորապես պատգամավորները, ամենօրյա ռեժիմով հանրային վայրերում պարսավանքի են ենթարկվում ու լսում «դավաճան» վանկարկումներ։ Երեկ երեկոյան քաղաքացիներն Ազգային ժողովի մոտ բռնացրել են «Իմ քայլից» պատգամավոր Հովիկ Աղազարյանին, որի մտքերը մամուլը պարբերաբար ծաղրուծանակի է ենթարկում։
Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսով վարակվելու 180 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 168676-ի: COVID-19-ից մահացել է 5 քաղաքացի, մահացածների ընդհանուր թիվը 3921 է:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.94 դրամով ու կազմել 524.07 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.50 դրամով ու հասել 635.59 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.88 դրամով ու հասել 724.79 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 դրամով ու կազմել 7.11 դրամ:
Փետրվարի 12-ին երկրում սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանում եւս տեղումներ չեն լինի։ Այս գիշեր մայրաքաղաքում կլինի 2-4, վաղը ցերեկը 13-15 աստիճան զրոյից բարձր։











