Երեկվանից հանրությունը քննարկում է 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Արմնյուզի» հետ ծավալուն հարցազրույցը, որում նախկին նախագահը պատասխանել էր Ղարաբաղյան գործընթացին եւ իշխանափոխությանը վերաբերող հարցերին։  Նա հայտարարել է, որ 2018-ի գարնանը տեղի ունեցածը հակաղարաբաղյան եւ ղարաբաղցիների դեմ շարժում էր։

Ինձ կանգնեցրել էին ցուգցվանգի առջև՝ կա՛մ պետք էր ուժ կիրառել, իսկ փողոցում բազմաթիվ երեխաներ ու կանայք էին, կա՛մ պետք է որոշում ընդունեի անցնցում հեռանալ, ասել է Սերժ Սարգսյանը, նաեւ մեկնաբանել իր հայտնի արտահայտությունը՝ իր սխալվելու մասին։ 3-րդ նախագահը պատմել է, որ 3 անգամ խմբագրել է իր հրաժարականի ուղերձը, առաջին անգամ գրելուց հետո կես ժամից ավելի մտածել է,  կրճատել ու պարզեցրել է տեքստը, հրավիրել է Կարեն Կարապետյանին և հարցրել՝ պատրա՞ստ է ստանձնել պատասխանատվությունը, ստացել դրական պատասխան, նրա խնդրանքով մեկ պարբերություն հանել ուղերձից։ «Իշխանությունը ես սրանց չեմ փոխանցել, այլ Կարեն Կարապետյանին», ասել է Սերժ Սարգսյանը։

Սերժ Սարգսյանն նդրադարձել է նաև Լուկաշենկոյի հետ իր խոսակցության աղմկահարույց ձայնագրությանը, որում Բելառուսի նախագահի միջոցով Ալիեւն առաջարկել էր յոթ շրջանի դիմաց հինգ միլիարդ դոլար վճարել, ինչին Սերժ Սարգսյանը պատասխանել էր, որ ինքը պատրաստ է վեց 6 միլիարդ վճարել, եթե Ալիևը հրաժարվի այդ տարածքների հանդեպ իր նկրտումներից։ Սերժ Սարգսյանը շեշտել է, որ հակըննդեմ այդ առաջարկով ինքը պարզապես ասում էր՝  Ղարաբաղը չի սակարկվում։ Անդրադառնալով ձայնագրության հրապարակմանը հաջորդած խոսակցություններին, թե որտեղից իրեն 6 միլիարդ, Սերժ Սարգսյանն ասել է՝ եթե Ալիեւը համաձայներ՝ հայության ուժերով անմիջապես կհավաքվեր այդ գումարը։ Սերժ Սարգսյանը չի բացառել, որ նույն առաջարկն արվել է նաեւ գործող վարչապետին։

3-րդ նախագահը հանգամանորեն անդրադարձել է 2011-ի Կազանյան փաստաթղթին, որին Հայաստանը տվել էր իր համաձայնությունը. Արցախը վերադարձնում է 5 շրջան եւ ստանում էր Ադրբեջանից դուրս կարգավիճակ, իրավունք ստանում անդամակցել միջազգային կազմակերպությունների, որտեղ անկախությունը պարտադիր պայման չէ։ Հարցազրույցի ընթացքում Սարգսյանը ոչ մի անգամ Փաշինյանի անունը չի հնչեցրել, նրան անվանելով կապիտուլյանտ։

Երեկ դարձյալ հանդիպել եւ առաջիկա անելիքներն են քննարկել ընդդիմության առաջնորդները, այդ թվում՝  2-րդ ու 3-րդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտնել է, որ նման հանդիպումները պարբերական են, նաեւ հիշեցրել փետրվարի 20-ին համապետական հանրահավաքի մասին։

Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված եւս 132 զինծառայողների անուններ: Այդպիսով, ըստ պաշտոնական տվյալի՝  հայկական կողմից զոհվածների թիվը հասել է 2336-ի:

Հադրութի շրջանում նախօրեին զոհված զինծառայողների մասունքներ չեն հայտնաբերվել, փոխարենն ադրբեջանցիները  Մատաղիսի հատվածում հայկական կողմին են փոխանցել եւս մեկ զոհվածի աճյուն: Հրադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել են ընդհանուր 1379 զոհված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց աճյուններ:

ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը դուրս է եկել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից: Նա պարզաբանել է, որ իր համար անընդունելի է հստակ քայլեր կատարելու հարցում ընդդիմության հապաղումը, իր քայլերում էլ կաշկանդվել է պայմանավորված խմբակցության անդամի հանգամանքով: Իր՝ ավելի վճռական հայտարարություններն ու գործողությունները հարուցել են առանձին գործընկերների անհանգստությունը, ինչի բացատրությունն ինքը չունի։  Գեւորգ Պետրոսյանը կմնա Ազգային ժողովում՝ որպես անկախ պատգամավոր:

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն իրեն վատ է զգացել դատարանում: Նրա վիճակը վատացել է Մարտի 1-ի գործով նիստի ընդմիջման ժամանակ, նույնիսկ շտապօգնություն է հրավիրվել: Դատավորն անհնար է համարել շարունակել նիստը եւ հետաձգել է այն: Գեներալի առողջությունը վատացել է դռնփակ նիստից հետո, որի ընթացքում քննարկվում էր նրա փաստաբանի միջնորդությունը, որի բովանդակությունը դեռ հայտնի չէ:

Գյումրիում Նիկոլ Փաշինյանի աջակիցների հանրահավաքը ավարտվել է զանգվածային ծեծկռտուքով։ Անհայտ անձը ձվով հարվածել է կազմակերպիչներից մեկին, ինչից հետո  ցույցը վերածվել է համատարած քաշքշուկի։ Ոստիկաններին դժվարությամբ է հաջողվել հանդարտեցնել կրքերը։ Հանրահավաքին, որին, տարբեր հաշվարկներով՝ մասնակցել է մոտ 200 մարդ, սկանդալային հայտարարություն է հնչեցրել «Իմ քայլից» պատգամավոր, դերասան Գնել Սարգսյանը.  նա պնդել էր, որ վերջին պատերազմում մենք հաղթել ենք։

«Իմ քայլի» նախկին պատգամավոր Վարազդատ Կարապետյանն ազատվել է Չինաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցչի պաշտոնից։ Նա ներողություն է խնդրել իրեն հավատացած մարդկանցից, դժգոհել հանրության պառակտվածությունից, ավելացրել, թե ընտրում է ազգային ու հանրային համերաշխությունը, որի տիրույթում Նժդեհը, ըստ նրա, ամենավառ հերոսն է։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 136 նոր դեպք է գրանցվել, Արցախում՝ 9։ Մեկ օրում մահացել է 3 վարակված, մահացածների ընդհանուր թիվը 3942 է:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.32 դրամով ու կազմել  524.92 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.49 դրամով ու հասել 638.09 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.18 դրամով ու հասել 731.27 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը մնացել է անփոփոխ՝  7.16 դրամ մեկ ռուբլու դիմաց:

Շիրակի, Լոռիի, Տավուշի, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռներում, Սեւանա լճի ավազանում փետրվարի 17-ին սպասվում է առատ ձյուն, տեղ-տեղ՝ բուք: Երեւանում սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +8+10 , վաղը ցերեկը՝ +12+14: