Այսօր տեղացած ձյունը կաթվածահար է արել երթեւեկությունը Երևանի մի շարք փողոցներում, բազմաթիվ վթարների պատճառ  դարձել։ Բողոքներ ու ահազանգեր շատ են եղել հատկապես Նորքի զանգվածի բնակիչներից։

Մոսկվայում, Ռուսաստանի եւ Հայաստանի արտգործնախարարները քննարկել են 2020-ի նոյեմբերի 9-ի եւ այս տարվա հունվարի 11-ի համաձայնագրերի կատարման բոլոր դրույթները։ Շեշտադրվել են ռազմագերիների փոխանակման, հումանիտար օգնության, տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերը։ Համաձայնություն է ձեռք բերվել սանիտարական սահմանափակումների վերացմանը զուգահեռ երկկողմ փոխանակումների հետեւողական ակտիվացման անհրաժեշտության մասին:

Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Էրդողանը հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, շարունակվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկումը Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի հայտարարություններում արձանագրված համաձայնագրերի կատարման համատեքստում: «Խոսքը Ռուսաստանի եւ Թուրքիայի գործողությունների համակարգման մասին է` ի շահ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման: Զրուցակիցները գոհունակություն են հայտնվել հրադադարի ռեժիմի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքների մեկնարկի կապակցությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Սեպտեմբերի 27-ին սկսված 44–օրյա պատերազմից հետո մինչեւ այս տարվա փետրվարի 13-ը կատարվել է 3577 դիակի դատաբժշկական փորձաքննություն, 428 մարմին ԴՆԹ փորձաքննության փուլում է։ Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից։  Իր հերթին դատախազությունը հայտնել է, որ այս պահի դրությամբ նույնականացված է 3389 զինծառայողի մարմին: Ռազմական գործողությունների արդյունքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 9094 անձ: Արցախի արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնաբերել է 1485 զոհվածի աճյուն։

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել է, որ մասնագետներն ամեն օր նույնականացնում են Արցախում զոհվածների 30-33 մարմին: Մարմինները թիվը, որոնք դեռ պետք է նույնականացվեն, զգալիորեն նվազել է, ասել է նախարարը, սակայն թիվը չի հայտնել։

Արցախի Լիսագոր գյուղի տարածքում հերթապահություն իրականացնող զինծառայողների վրանները օրեր առաջ քամին քշել է, սառնամանիքին նրանք մնացել են դրսում։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է այդ հատվածում հերթապահող զինվորներից մեկի մայրը։ Նրա խոսքով՝  որեւէ քայլ չի ձեռնարկվում՝ զինծառայողներին բարվոք պայմաններ ապահովելու համար. NEWS.am-ը զրուցել է  նաեւ Լիսագորի գյուղապետ Գագիկ Նասիբյանի հետ, որն ասել է, թե արդեն վրանները տեղադրվել են, ամեն ինչ կարգավորվել է։

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատակել է, երբ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, որպես խաղողի մթերման ոլորտում խնդիրների բացակայության ցուցիչ, նշել է, որ խաղողագործները ճանապարհ չեն փակում։

Նախարարը շարունակել է, որ կոնյակի եւ գինու արտահանման կատեգորիաներում ունենք էական անկում: Կառավարությունը վերաբաշխում է արել այս տարվա պետբյուջեում, 165 մլն դրամ պետք է հատկացվի կոնյակի սպիրտի արտահանման տուրքի փոխհատուցմանը:

Սյունիքի մարզում սպանություն է տեղի ունեցել. ժամը 00։50-ի սահմաններում Ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացուց, որ Աբովյան փողոցի 10 շենքի բնակիչն իր տուն մտած գողին հետապնդում է։ Որոշ ժամանակ անց Քաջարանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Քաջարանի բաժին ահազանգ է ստացվել, որ գլխի մասում ստացած հարվածների հետքերով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը Քաջարան քաղաքի Աբովյան փողոցի 10 շենքի բնակիչ՝ 59-ամյա Արմեն Ոսկանյանն էր։  Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածի տղան՝ 29-ամյա Մարտին Ոսկանյանը, մի քանի անգամ զանգահարել է հորը, սակայն հայրը չի պատասխանել հեռախոսազանգերին, տղան այցելել է մորը, ու երբ փորձել է մտնել տուն, ներսում ինչ-որ անձ չի թողել, որպեսզի նա մտնի տուն, որից հետո այդ անձը դուռը բացել, դիմել է փախուստի, տղան էլ հետապնդել է։ Չկարողանալով բռնել նրան՝ վերադարձել է տուն և նկուղում հայտնաբերել է հորը՝ մարմնական վնասվածքներով և կպչուն ժապավենով կապված վիճակում։ Հորը տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է։ Մահացածն աշխատում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ընդհանուր վերանորոգման արտադրության պետ, իսկ որդին նույն կոմբինատում դիսպետչերական բաժնի պետի տեղակալն է։

Լուսադեմին  կորոնավիրուսից հետո առաջացած բարդություններից մահացել է 2010-2016 թվականներին գյուղնախարարի պաշտոնը զբաղեցրած Սերգո Կարապետյանը։ 

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունից դատարան ուղարկված գործի նյութերով՝ Սերգո Կարապետյանը 2013-ի սկզբին կառավարության պահուստային ֆոնդից ենթադրաբար վատնել է գրեթե 490 միլիոն դրամ՝ սուբսիդավորված  դիզվառելիքի համար։ Նույն գործով մեղադրվում են  երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, «Ֆլեշի» սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, գյուղնախարարության եւս երկու պաշտոնյա։ 72-ամյա Կարապետյանը Սերժ Սարգսյանի դեմ միակ ցուցմունք տվողն էր:

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 223 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը գրեթե 170 հազար է: Մահացել է երկու վարակված, որոնցից մեկի  մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Մահացածների ընդհանուր թիվը 3950 է։

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հրաժարական է տվել: Վարչապետն իր որոշումը բացատրել է երկրում տիրող քաղաքական ճգնաժամով: Գախարիան հայտարարել է, որ հավատում է, որ իր քայլը կօգնի նվազեցնել բեւեռացումը երկրում՝ նշելով, որ բեւեռացումն ու առճակատումն ամենամեծ ռիսկն են երկրի ապագայի, տնտեսական զարգացման համար։ Վրաստանը, հիշեցնեմ, նույնպես խորհրդարանական կառավարմամբ երկիր է։

 «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը հայտարարել  է որ վարչապետի պաշտոնում առաջադրելու է կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլիի թեկնածությունը, որն էլ ըստ էության կդառանա Վրաստանի հաջորդ վարչապետը։

Ներկայումս Իրակլի Ղարիբաշվիլին զբաղեցնում է պաշտպանության նախարարի պաշտոնը: Խորհրդարանի կողմից հաստատվելու դեպքում նա իր քաղաքական կարիերայի ընթացքում երկրորդ անգամ կդառնա Վրաստանի վարչապետը:

Մահացել է նշանավոր ռուս Անդրեյ Մյախկովը։ Նա  82 տարեկան էր։ Մյախկովին մեծ հռչակ են բերել դերերն Էլդար Ռյազանովի ֆիլմերում՝ «Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ», «Ծառայողական սիրավեպ», «Ավտոտնակ»։ Արտիստը խաղացել է նաեւ հայտնի «Կարամազով եղբայրներ», «Դաժան ռոմանս» եւ այլ հայտնի ժապավեններում։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.01 դրամով ու   կազմել 524.34 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.33 դրամով ու կազմել 630.93 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.27 դրամով ու հասել 730.09 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.01 դրամով ու կազմել 7.12 դրամ:

Փետրվարի 19-ին երկրի զգալի մասում սպասվում է ձյուն: Երևանում վաղը դադարներով թույլ ձյուն կտեղա: Այս գիշեր մայրաքաղաքում կլինի -2-ից -4, վաղը ցերեկը +2-ից +4 աստիճան։