Մարտի 1–ի երեկոյան մայրաքաղաքում միաժամանակ երկու հանրահավաք էր։ Հանրապետության հրապարակում բեմահարթակին Նիկոլ Փաշինյանն էր, Բաղրամյան պողոտայում՝ ընդդիմության առաջնորդները։

Փաշինյանի հանրահավաքից ժամեր առաջ հրապարակում ահռելի քանակությամբ ոստիկանական ուժեր էին կուտակվել։ Փաշինյանը դուրս եկավ կառավարության շենքից՝ պատգամավորների և կառավարության անդամների ուղեկցությամբ ոստիկանական միջանցքով մտավ հրապարակ։

Փաշինյանը երկար ելույթ ունեցավ, անդրադարձավ ներքաղաքական ճգնաժամին։ Հայտարարեց, որ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին Սերժ Սարգսյանն է դրդել նման հայտարարություն անել։ Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա, իսկ հայտարարությունը ստորագրած մյուս զինվորականները վերադառնան իրենց գործին՝ ասաց Փաշինյանը։

Վարչապետը նաև տեղեկացրեց, որ նախագահ Արմեն Սարգսյանը վատառողջ է, ինքն այսօր տեսակցել է նրան, և վերահաստատեց իր դիրքորոշումը՝ նախագահը պետք է ստորագրի Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու իր առաջարկը։

Փաշինյանը նաև հայտարարեց, որ այս տարվա հոկտեմբերին մտադիր է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություններ ընդունել, որի նպատակն է վերադառնալ կառավարման կիսանախագահական համակարգի։

Հանրահավաքից անմիջապես հետո մեկնարկեց երթ՝  դեպի Մյասնիկյանի արձան։ Անհասկանալի էր՝ ինչու էր Փաշինյանը նման երթուղի ընտրել՝ հրապարակից Մյասնիկյանի արձան ուղիղ իջնելու փոխարեն, երթը նախ բարձրացավ Կորյունի փողոց, որտեղից Աբովյանով վերադարձավ հրապարակ, ապա՝ Մյասնիկյանի արձան։

Թե ինչու էր ընտրվել այս երթուղին, պարզ դարձավ, երն մասնակիցները հասան Ֆրանսիայի հրապարակ, այստեղ ոստիկանները պատ կազմեցին եւ թույլ չտվեցին ցուցարարներին առաջանալ դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ այդ պահին ընթանում էր ընդդիմության հանրահավաքը։  Երթի մասնակիցներն էլ սկսեցին սուլել ընդդիմադիրների ուղղությամբ, հայհոյանքներ հնչեցրեցին, նաեւ չմոռացան «դըմփ, դըմփ, հու» անել։

Նշենք, որ այդ երթի ընթացքում մի քանի անգամ հնչեց «դըմփ, դըմփ, հու»–ն,  դրան հատկապես  ոգեւորված մասնակցում էր ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։

Ի դեպ, NEWS  տեսախցիկը ֆիքսել է, որ երթի մասնակիցների ոտքերի տակ ընկած էին Նիկոլ Փաշինյանի նկարով եւ հողատու գրությամբ թռուցիկներ։

Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին ու դրանից հետո մեկնարկած երթին, վարչապետին ուղեկցում էր կինը՝ Աննա Հակոբյանը։ Երթի ավարտին, մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին Մյասնիկյանի արձանի մոտ։

Այդ ընթացքում Բաղրամյան պողոտայում խորհրդարանի շենքի դիմաց ընթանում էր «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը, որի մասնակիցները իրենց լիակատար աջակցությունն էին հայտնում Զինված ուժերի Գլխավոր շտաբին, որը հանդես է եկել Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Ի դեպ, երեկվանից լրատվամիջոցներում, թելեգրամյան ալիքներում և սոցցանցերում տեղեկություններ էին տարածվում այն մասին, որ իշխանությունը ակտիվ վարչական ռեսուրս է օգտագործում Փաշինյանի աջակցության հանրահավաքին բազմամարդություն ապահովելու համար։ Ըստ տեղեկությունների՝ մարզային իշխանություններին հանձնարարվել էր համայնքապետերի և դպրոցի տնօրենների միջոցով ապահովել իրենց բնակչության առավելագույն մասնակցություն։ Մասնավորապես՝ թելեգրամյան ալիքներում հայտնվել են սա ապացուցող ձայնագրություններ։ Այսօր էլ լրատվամիջոցների հետ զրույցում մարզերից եկած քաղաքացիները խոստովանել են, որ իրենց ավտոբուսներով են բերել մայրաքաղաղաք, նրանցից մեկը նույնիսկ ասել է, որ ավտոբուսն իրենց տներից է վերցրել։

Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութեր է հրապարակել այն մասին, թե ինչպես են «Սպայկա» ընկերության աշխատակիցներին միկրոավտոբուսներով և ավտոբուսներով բերում Երևան՝  Փաշինյանի  հանրահավաքին մասնակցելու համար։

Հայաստանում ներքաղաքական զարգացումները նոր շրջադարձ ապրեցին, երբ շաբաթ օրը երկրի նախագահը առարկություններով հետ վերադարձրեց Բանակի սպայակույտի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը: Ըստ Արմեն Սարգսյանի՝ իրավաբանների և փորձագետների հետ խորհրդակցելուց հետո եզրակացրել է, որ հրամանագրի նախագիծն առերևույթ հակասում է Սահմանադրությանը:

Դրանից անմիջապես հետո կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը հայտարարեց, թե նախագահի որոշումը հակասահմանադրական է, Սահմանադրության փոփոխությունների նախագծերով հայտնի պատգամավոր, նախկին լրագրող Վահագն Հովակիմյանը նշեց, որ սկսելու են նախագահի իմպիչմենթի գործընթաց։

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին չեն մասնակցել զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը եւ նախագահ Սարգսյանը: Քննարկվել են արտաքին և ներքին անվտանգությանը վերաբերող հարցեր:  Անվտանգության  խորհուրդը հաղորդագրություն տարածելուց որոշ ժամանակ անց, պատճառաբանելով տեխնիկական խոտանը՝ նորն է տարածել։ Այն, սակայն, բովանդակային տարբերություններ ունի առաջինից.  «նախագահը պարտավոր է» արտահայտությունը փոխվել է «նախագահն ունի զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամկազմ նշանակելու և ազատելու հայեցողական այլընտրանքային լիազորություն»: Մեկ այլ տեղում՝  «նախագահին կոչ է արվում» արտահայտությունը փոխարինվել է «առաջարկում է»-ով. Հիշեցնենք, որ ԱԽ-ն նախագահին կոչեր անելու իրավասություն չունի։

Նախագահի օգնական  Հասմիկ Պետրոսյանը  NEWS.am-ի հետ զրույցում պարզաբանել է, որ Արմեն Սարգսյանին հրավիրել են Անվտանգության խորհրդի նիստին, սակայն նա չի մասնակցել վատառողջ լինելու պատճառով։ Նախագահը Անվտանգության խորհրդի անդամ չէ, բայց նախորդ նիստերին մասնակցում էր։

Գլխավոր շտաբի և իշխանության միջև այս դիմակայության պատճառ դարձած՝ Իսկանդերի պատմության մեջ ուշագրավ շրջադարձ է տեղի ունեցել։ Նիկոլ Փաշինյանը, որը կասկածի տակ էր դրել ռուսական արտադրության Իսկանդերի արդյունավետությունը եւ դրա մասին խոսել էր 80-ականների զենքի համատեքստում, այս զենքի մասին իր կարծիքը կտրուկ փոխել է Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո։ Ինչպես հայտարարել է նրա խոսնակ Մանե Գևորգյանը՝  վարչապետն առկա փաստերի եւ տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել: «Կասկած չի հարուցում եւ այն հանգամանքը, որ ռուսական զենքը լավագույններից է աշխարհում,- վարչապետի նոր դիրքորոշումն է ներկայացրել Մանե Գևորգյանը։

Հայաստանում կորոնավիրուսից մահացածների թիվն անցել է 4 հազարից։ Անցած մեկ օրում մահացել է եւս 5 վարակակիր, որոնցից 2-ի դեպքում մարդը մահացել է այլ հիվանդությունից։ Նրանց ընդհանուր թիվը 4012 է։ Նախորդ օրը երկրում գրանցվել է COVID-19-ով վարակվելու 158 նոր դեպք, ընդհանուր թիվը 172216 է:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.41 դրամով եւ հասել 528.37 դրամի: Եվրոյի փոխարժեքը նվազել է 4.10 դրամով ու կազմել 636.10 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.89 դրամով ու հասել 736.92 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.05 դրամով ու կազմել  7.13 դրամ:

Երկրի շրջանների որոշ հատվածներում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Երևանում եւս սպասվում են տեղումներ: Այս գիշեր մայրաքաղաքում կլինի -1-ից +1, վաղը ցերեկը +5-ից +7 աստիճան։