Խորհրդարանում այսօր՝ մարտի 3–ին, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ զավեշտալի իրավիճակ էր ստեղծվել։ Պատգամավորների հարցերի մեծ մասն ուղղված էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն նա որևէ հարցի չէր պատասխանում։ Ամբիոնին նրա փոխարեն ամեն անգամ մոտենում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Հարցուպատասխանի ավարտին մոտ, երբ հերթը հասավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանին, վերջինը հեգնեց. «Պարոն Փաշինյան, ո՞նց եք», թերևս հույսով, որ գոնե այս հարցին չի պատասխանի Ավինյանը։

Մի փոքր մտածելուց հետո նիստը վարող, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը արձագանքեց. «Այդ հարցը գրավոր ուղղեք»։

Միակ պատգամավորը, որի հարցին պատասխանեց Նիկոլ Փաշինյանը՝ Արման Բաբաջանյանն էր՝ արտահերթի ընտրությունների վերաբերյալ հարցով։