Բրիտանական «HALO Trust» կազմակերպությունը, որը տարիներ շարունակ ականզերծման աշխատանքներ է արել Արցախում, հնարավոր է՝ կապ է ունեցել թուրքական հետախուզության հետ։ Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը 24News լրատվականին հայտնել է, որ իրեն հավաստի աղբյուրներից հայտնի է դարձել, որ HALO Trust-ը Արցախում աշխատելու ընթացքում ձեռք է բերել հայկական կողմի ականապատված տարածքների քարտեզներն ու փոխանցել դրանք թուրքական հատուկ ծառայություններին։ «Սրա պատճառով պատերազմի ժամանակ հակառակորդը կարողացել է բարեհաջող կերպով անցնել ականապատված տարածքներով։ Վտանգավոր տարածքները ուսումնասիրելու անվան տակ այս ընկերությունն իրականացրել է հետախուզական գործողություններ Արցախի ամբողջ տարածքում»,- ասել է Ավագյանը։

Նիկոլ Փաշինյանի իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը հայտնվել է սկանդալի կենտրոնում։ 168.am լրատվականի էլեկտրոնային հասցեին են ուղարկվել տեսանյութեր, որոնցից պարզ է դառնում, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի քրեական գործերով Փաշինյանի խորհրդականը քննիչին ցուցումներ է տալիս։ Տեսանյութերը տարածողներին հասանելի է դարձել քննիչ Այվազյանի էլեկտրոնային հասցեն։ Տեսանյութերից մեկում հատուկ կարևոր գործերով քննիչ  Արթուր Այվազյանի կազմած՝ նախորդ տարվա մայիսի 19-ի որոշումն է՝ Հայրապետյանի որդուն որպես մեղադրայլ ներգրավելու վերաբերյալ։ Հրապարակված կադրերում երևում է, թե ինչ ուղղումներ ու առաջարկներ է արել Աննա Վարդապետյանը՝ մեղադրանքի որոշման տեքստում՝ ընդ որում՝ և իրավական ձևակերպումների և բովանդակության առումով։ Տեսանյութից երևում է նաև, որ Արթուր Այվազյանը Աննա Վարդապետյանին է փոխանցել նույն գործին առնչվող՝ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ:

Հանրապետության նախագահն իր առարկություններով կառավարություն է վերադարձրել Արտակ Դավթյանին ԶՈՒ գլխավոր շտաբի պետ նշանակելու վարչապետի առաջարկությունը:

Վարչապետը թեև հինգ օր ժամանակ ուներ, սակայն անմիջապես հիմնավորումներով երկրորդ անգամ է ուղարկել որոշումը Արմեն Սարգսյանին՝ հայտարարելով, որ չի ընդունել  նախագահի առարկությունները։  Նախագահը երեք օրվա ընթացքում կամ պետք է ստորագրի ակտը կամ դիմի Սահմանադրական դատարան: Եթե այդ ժամկետում Արմեն Սարգսյանը հրամանագիրը, այն միևնույնն է, ուժի մեջ կմտնի իրավունքի ուժով:

Ադրբեջանում գերության մեջ գտնվող  Մարալ Նաջարյանը վերջապես ազատ է արձակվել եւ հասել տուն՝ Բեյրութ։ Որոշ տեղեկություններով՝ կնոջ վերադարձն իրականացվել է Ռուսաստանի Դաշնային  խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի ջանքերով, այլ աղբյուրներ էլ նշում են, որ Մարալի ազատության համար ջանացել են Միջազգային կարմիր խաչը,  Լիբանանի կառավարությունը, ՀՅԴ Լիբանանի կառույցը։ Մարալ Նաջարյանը Արցախ բնակության էր տեղափոխվել Բեյրութի նավահանգստի պայթյունից հետո։ Նա իր ընկերոջ հետ գերեվարվել էր պատերազմի ավարտից հետո։ Նրա ընկերը, որին Բաքուն փորձում է ներկայացնել որպես վարձկան ահաբեկիչ, դեռ գերության մեջ է։

Անհետ կորած զինծառայողների հարազատներից Արսեն Ղուկասյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, թե ավտոմեքենայով փակել է պաշտպանության նախարարության շենքի մուտքը՝ կոչ անելով բոլոր ծնողներին ավտոմեքենաներով հասնել գերատեսչություն ու փակել բոլոր մուտքերը: Ղուկասյանն ասել է, որ գնացել են շատ կարևոր հարցով հանդիպելու պաշտպանության նախարարին, սակայն իրենց չեն ընդունում։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողներին հայտնել է, որ այս պահին կան 212 զոհվածների մասունքների փորձանմուշներ, որոնք այնքան վնասված են, որ ուղղակիորեն հնարավոր չէ փորձաքննություն իրականացնել, և անգամ այլ երկրների լաբորատորիաներում հնարավոր չի լինի դա անել։ Նա հաստատել է տեղեկությունը, որ Մեծամորում գտնվող հատուկ սառնարաններում դեռեւս զոհված զինծառայողների մարմիններ են պահվում։

Հայաստանում անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 748 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 176286-ի: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 3239 է:

39 տարի Կալիֆոռնիայի բանտում գտնվող Համբիկ Սասունյանի ազատ արձակման գործընթացը հնարավոր է սկսվի հաջորդող մի քանի օրերի ընթացքում։ Հիշեցնենք, որ Լոս Անջելեսի դատարանը բեկանել էր Համբիկ Սասունյանի ազատ արձակումը կասեցնելու վերաբերյալ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի որոշումը։ Սասունյանը դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ մեղադրվելով 1982 թվականին Լոս Անջելոսում թուրքական դեսպանի սպանությանն աջակցելու համար։ Կալիֆոռնիայի նահանգապետը չի խոչընդոտի Համբիկ Սասունյանի ազատ արձակմանը, հայտնում է  Asbarez օրաթերթը։

2020 թվականին Ադրբեջանը գրեթե 31 միլիոն դոլարի ներդրումներ է հետ կանչել Վրաստանից: Հարեւան երկրի վիճակագրական ծառայության տվյալով՝ 2018-ին Ադրբեջանը 246.4 միլիոն դոլար էր ներդրել հարեւան երկրի տնտեսության մեջ, իսկ 2019-ին` 35.8 միլիոն դոլար:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը, նախորդ օրվա համեմատ աճել է 0.45 դրամով ու կազմել  526.38 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.75 դրամով ու հասել 629.66 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.47 դրամով ու հասել 734.14 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.05 դրամով ու կազմել  7.16 դրամ:

Հայաստանի ողջ տարածքում մարտի 12-ին սպասվում է ձյուն: Օդի ջերմաստիճանի անկումը կշարունակվի: Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1 +1, վաղը ցերեկը` +1 +3: