Twitter Inc-ը մտադիր է մինչեւ ապրիլ ձայնային հաղորդակցության գործառույթ գործարկել բոլոր օգտատերերի համար, հայտնում է Reuters-ը:

Twitter’s Spaces-ը մրցում է Clubhouse-ի հետ՝ ստարտափ, որն աշխատում է միայն հրավերներով: Փետրվարի վերջին Twitter-ը փորձարկել էր այս գործառույթը 1000 օգտատերերի վրա՝ սկսելով կանանցից եւ մարգինալացված խմբերից:

Օգտատերերը կկարողանան միանալ այլ մարդկանց աուդիոչաթերին կամ սկսել իրենց սեփական քննարկումները՝ սահմանափակելով մարդկանց շրջանակը, ովքեր կարող են մասնակցել դրանց, նշում է DW-ն:

Clubhouse-ը բացառապես ձայնային չաթերից բաղկացած սոցիալական ցանց է, որտեղ օգտատերերը «սենյակներ» են ստեղծում տարբեր թեմաներ քննարկելու համար: Clubhouse-ի մյուս առանձնահատկությունը միայն մեկ այլ օգտատիրոջ կողմից հրավերով սերվիս մուտք գործելու հնարավորությունն է: Այս հավելվածը մեծ տարածում ստացավ փետրվարին: Մասնավորապես, SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը փետրվարի 14-ին Twitter-ում հրապարակավ դիմեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Clubhouse-ում զրուցելու առաջարկով: