Երբ լրատվամիջոցները վարչապետի խորհրդականի եւ ՀԿԳ քննիչի գործողությունների վերաբերյալ հրապարակումներ կատարեցին, պետք է քրեական գործ հարուցվեր, անմիջապես խուզարկություններ եւ առգրավումներ կատարվեին թե Քննչական կոմիտեում, թե Կառավարությունում, առգրավվեին այն համակարգիչները, որոնցով այս տեղեկությունները միմյանց փոխանցվել են։ Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց փաստաբան Ամրամ Մակինյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի իրավական գծով խորհրդականի եւ ՀԿԳ քննիչի վերաբերյալ սկանդալային տեսանյութին։

Ամրամ Մակինյանը ներկայացրեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի որդուն՝ Ռաֆիկ Հայրապետյանին որպես մեղադրյալ ներգրավվելու որոշումը։

Փաստաբանը ցույց տվեց, որ որոշման փաստաթղթում նշված է 2020 թվականի մայիսի 19-ը։

Մակինյանն ասաց՝ շորթում կատարելու մասին մեղադրանքը Ռաֆիկ Հայրապետյանին փաստացի առաջադրվել է 2020 թվականի դեկտեմբեր ամսին.

«Սա վկայում է այն մասին, որ արդեն իսկ 2020 թվականի մայիսի 19-ին Աննա Վարդապետյանը որոշել էր, որ Ռաֆիկ Հայրապետյանին պիտի մեղսագրվի շորթման հանցակազմով մեղադրանք։ Աննա Վարդապետյանի կողմից փաստաթղթում կատարվող փոփոխություններն ակնհայտ երեւում են։ Աջ կողմում՝ գծիկներով շատ հստակ երեւում է, թե Վարդապետյանն ինչ է ավելացրել, ինչ է փոփոխել  եւ ինչ է մաքրել։ Քրեական դատավարության մեջ այս փաստաթուղթ կազմելու միակ սուբյեկտը քննիչ է։ Այսինքն՝ Վարդապետյանն է որոշում, թե այս փաստերից որը մնա, որը պակասեցվի։ Ինձ մոտ հարց է առաջանում՝ Աննա Վարդապետյանն ամբողջ ծավալով քրեական գործն էլ է կարդացե՞լ։ Ես իրավունք ունեմ մտածելու, որ կարդացել է։ Միասին որոշում են, թե Ռաֆիկ Հայրապետյանին ինչ մեղադրանք առաջադրվի»։

Փաստաբանը նշեց, որ իր համար անհասկանալի է, թե ՀԿԳ քննիչն ու վարչապետի խորհրդականն ինչպե՞ս են ծանոթացել.

«Այս հարցի պատասխանը ես Քննչական կոմիտեի ղեկավարներից եմ ակնկալում։ Ո՞նց եղավ, որ վարչապետի օգնականը եւ գործով քննիչը կապ հաստատեցին միմյանց հետ եւ սկսեցին այս գործով նախաքննությունն ուղղորդել։ Ի՞նչ էր անում Գլխավոր դատախազությունը, որն այս գործի իրականության նկատմամբ հսկողություն է իրականացնում։ Փաստորեն, հսկողությունը եւ դատավարական ղեկավարումն իրականացրել է Աննա Վարդապետյանը։ Ո՞վ է հանձնարարել քննիչին, որ Աննա Վարդապետյանին տրամադրի տեղեկություններ։ Ո՞վ է հանձնարարել քննիչին, որ Աննա Վարդապետյանի կողմից ստացված հանձնարարությունները խելոք կատարի»։

Ամրամ Մակինյանի դիտարկմամբ՝ դեռեւս քրեական գործ չի հարուցվել, որ պայմաններ ստեղծվեն՝ այս ապացույցներն Աննա Վարդապետյանն ու քննիչը ոչնչացնելու համար. «Ես համոզված եմ, որ մամուլում հրապարակված այս տեղեկությունները եզակի չեն։ Պատկերացնո՞ւմ ենք, որ Աննա Վարդապետյանի մեյլերում ինչ տեղեկություններ կարող են լինել. ամբողջ քննչական ապարատից, ամբողջ իրավապահից ստացված ու խմբագրված տարբեր քաղաքական գործերով անձանց մեղադրյալ ներգրավվելու մասին որոշումները։ Ես համոզված եմ, որ այդպիսի տեղեկություններ կան, իսկ Ազգային անվտանգության ծառայությունը չի՞ ուզում տիրապետել այդ տեղեկություններին, թե՞ Ազգային անվտանգության ծառայությունից էլ Աննա Վարդապետյանին ուղարկված մեյլեր կան»։

Մակինյանը բացառեց նաեւ Հայրապետյանների գործում անձնական մոտիվացիան. «Ես համոզած եմ, որ սա պայմանավորված է եղել խմբային շահով։ Հանձնարարությունը տրվել է կոնկրետ Նիկոլ Փաշինյանի կողմից՝ վերահսկել այս քրեական գործի ընթացքը»։

Փաստաբանը համոզմունք հայտնեց, որ Ռաֆիկ Հայրապետյանի վերաբերյալ կա նաեւ դատավճիռը. «Այստեղ կա նաեւ Ռուբիկ Դավթյան մեյլից ուղարկված Արթուր Այվազյանին որոշակի փաստաթղթեր, որոնց վերնագրերն ինձ հուշում են, որ ուղարկվել են գործով վկաների ցուցմունքները քննիչին։ Ռուբիկ Դավթյանը Քրեական ոստիկանության աշխատակից է։ Քրեական գործը վարույթ է ստացվել 2020 թվականի ապրիլի 2-ին, այն դեպքում, երբ մարտի 30-ին այդ փաստաթղթերն արդեն իսկ Քրեական ոստիկանությունն ուղարկել է քննիչին։ Այսինքն՝ արդեն պարզ է եղել, թե այս գործն ով պիտի քննի, ինչպես պիտի քննի. այսինքն՝ դեռ չմակագրված, գործը ՔԿ չհասած»։

Հիշեցնենք, որ մարտի 10-ին 168.am-ը հրապարակել էր տեսանյութ այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի` իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը միջամտում է գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ ուղղումներ կատարելով գործերի նյութերի մեջ, եւ ըստ էության հրահանգավորում հիմնական դերակատարներին։

Փաստեր են հրապարակված մասնավորապես այն բանի վերաբերյալ, որ գործով քննիչ Արթուր Այվազյանը, քրեական ոստիկանության բաժնի պետ Ռուբեն Դավթյանը էլեկտրոնային նամակագրությամբ հանձնարարականներ են ստանում Աննա Վարդապետյանից կոնկրետ որոշումների, մասնավորապես՝ Ռուբեն Հայրապետյանին եւ նրա որդուն` Ռաֆիկ Հայրապետյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասով։

Փաստաբան Ամրամ Մակինյանն էլ Աննա Վարդապետյանի եւ քննիչ Արթուր Այվազյանի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով մի շարք առերեւույթ հանցագործությունների կատարման մասին հաղորդում էր ներկայացրել Դատախազություն։

NEWS.am-ի հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեն հայտնել էր, որ ՀԿԳ քննիչ Արթուր Այվազյանը զեկուցագիր է ներկայացրել գլխավոր դատախազին այն մասին, որ անձնական էլեկտրոնային փոստին ապօրինի հասանելիություն են ստացել եւ ներբեռնել տեղեկություններ։

Նշեք, որ Դատախազությունն էլ փաստաբանի հաղորդումն ու կայքի հրապարակումն ուղարկել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ նյութեր նախապատրաստելու: