Իմ քայլական պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանին հրավիրում եմ բոքսի, որտեղից նա ծնկաչոք է դուրս գալու։ Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։
Նշենք, որ Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մանվել Շահվերդյանի, քննվում է Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին ձերբակալելու իրավաչափության դեմ պաշտպանների բողոքը։
«Քանի որ այս անպատժելիության մթնոլորտն իրենց համար արդեն սովորական բնույթ է կրում, իրենք ինչ ուզում՝ անում են, ինչ ուզում՝ ասում են։ Քանի որ Հրաչուհին առաջարկել է ինձ տեղը, ժամը եւ ֆորմատն ընտրեմ, ես սիրով առաջարկում եմ հետեւյալ ֆորմատը. քանի որ իրենք սովոր են հետո գնալ ոստիկանություն, դիմումներ գրել, գործեր հարուցել, առաջարկում եմ ամսի 25-ին, իրենց հորինած քաղաքացու օրվա կապակցությամբ հին ավանդական, բարի բոքսը, բոքսի օրենքներով, ռինգում, «Օրանժ» սպորտային համալիր, ժամը 12։00-ին։ Ես, ինքը եւ մեկ դատավոր ու բոլորիդ էլ հրավիրում եմ լուսաբանելու այդ միջոցառումը։ Հրաչուհին թող գա այնտեղ ապացուցի, որ ինքը Հրաչուհի չի. ինքն այնտեղից դուրս է գալու ծնկաչոք»,- հայտարարեց Հակոբյանը։
Հարցին՝ ինչո՞ւ է ընտրել այդ տարբերակը, նախկին մարզպետն ասաց. «Բա ես հիմա իրեն ի՞նչ անեմ, կուլ տա՞մ։ Առանց լրատվամիջոցների լուսաբանման համաձայն չեմ, որովհետեւ հետո դուրս է գալու, եւ ինչ ուզի, կխոսի»։
Անդրադառնալով Սյունիքի մարզում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործին, բերման ենթարկվածներին՝ Հակոբյանն ասաց. «Ինչ-որ մեկը կամ ինչ-որ մի քանիսը պետք է այս ապօրինությունների վերջը տան։ Այնպես է ստացվում, որ Սյունիքն է ամենասկզբից արձագանքել այս ամենին եւ մերժել է։ Լինելու է այն, ինչ տրամաբանությունն է ասում։ Եթե ազատ չարձակվեն մեր բոլոր ընկերները, ես այդ ժամանակ ոչ մի երաշխիք չեմ տա, որ այս ինքնաբուխ երեւույթը չի ընդլայնվի»։
Անդրադառնալով այսօր Մեղրիում տեղի ունեցող հանրահավաքին եւ հարցին՝ արդյոք հնարավո՞ր է կրկին քաղաքացիներ բերման ենթարկվեն, նա պատասխանեց, որ ցանկացած բան կարող ենք սպասել. «Քանի որ Զաքարյանը մեծ հեղինակություն ունի Մեղրիում, Ագարակում եւ առհասարակ Սյունիքում, այնտեղ նույնպես անկեղծ են այդ դրսեւորումները։ Եթե դատավորը շարունակի այդ ապօրինությունների շարքը եւ կալանքի միջնորդությունը բավարարի, այդ դեպքում չեմ կարող ասել՝ ինչ կկատարվի»։
Վահե Հակոբյանն ասաց, որ ոստիկանական ուժերի մի մասը դեռ Սյունիքում է. «Այնտեղ են նաեւ այսպես կոչված՝ կառավարության մի քանի ներկայացուցիչ, որոնք փորձում են հիմա կաշառքի տեսքով մարդկանց հաճոյացնել։ Ես բացառում եմ, որ իրենք կարող են սյունեցու կարծիքի վրա ազդել»։
Անդրադառնալով գործարար Սիլվա Համբարձումյանի կողմից իր հասցեին հնչեցրած դիտարկումներին՝ Հակոբյանն ասաց. «Անգամ չեմ ուզում մեկնաբանել այդ անձնավորության ասածը։ Ոնց անհեթեթ իր կյանքն ապրել է, այդպես էլ շարունակում է ապրել, աննպատակ»։
Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրերին, թե ադրբեջանցիները գնում են Սյունիքի մի քանի բնակավայրեր, առեւտուր անում, նախկին մարզպետն ասաց. «Մի քանի դեպք ես գիտեմ, որ եղել է։ Դա կրում է քիչ եւ լոկալ խնդիր։ Ավելի շատ ռուսների ուղեկցությամբ են գալիս, որ ապահով լինեն, մտնում են խանութներ, հարակից տարածքներ, առեւտուր են անում, դուրս են գալիս»։











