Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին ձերբակալելու որեւէ անհրաժեշտություն չկա։ Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Մեղրիի քաղաքապետի պաշտպաններից Երեմ Սարգսյանը։

Նշենք, որ Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մանվել Շահվերդյանի, Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին ձերբակալելու իրավաչափության դեմ պաշտպանների բողոքի քննությունն ավարտվեց։

«Ձերբակալումն անհետաձգելի գործողություն է այն իմաստով, որ անձին ձերբակալում են, եթե այդ պահին հանցանք է կատարում, ձերբակալում են, որ չկատարի հանցանքը։ Ձերբակալում են, որպեսզի հանցանքի կատարելուց անմիջապես հետո չդիմի փախուստի։ Եթե ասում են՝ ձերբակալում ենք, դա բոլոր պայմանների խախտմամբ է։ Զաքարյանը գործընկերոջս հետ միասին գնում են Ոստիկանության Մեղրիի բաժին, որտեղ հարցնում են՝ Զաքարյանի հետ որեւէ գործողություն ունե՞ք անելու, ասում են՝ ոչ։ Եթե մենք իրեն պետք է ձերբակալեինք, որ չթաքնվի, հենց այդ պահին ուրեմն պետք է ձերբակալեին։ Գալիս են տուն, հետո ասում են՝ հրավիրում ենք ձեզ բաժին, այսինքն՝ կրկին հիմքեր չկան ձերբակալելու, հետո գալիս է Երեւան, 10։35-ին երեւանում է, կրկին չեն ձերբակալում մինչեւ 14։30-ին»,- նշեց Սարգսյանը։

Երեմ Սարգսյանն անդրադառնալով Սյունիքի մարզում տեղի ունեցած մարզային հայտնի խորհրդակցությանը՝ նշեց, որ խորհրդակցությունն անօրինական էր. «Քանի որ Սյունիքի մարզպետարանում տեղի է ունեցել կոնկրետ խորհրդակցություն, իսկ այդ խորհրդակցությունը բավականին անօրինական էր, որովհետեւ դրան մասնակցում էին ոստիկանապետը, ԱԱԾ պետը, Քննչական կոմիտեի գնդապետը, Դատախազության ներկայացուցիչը։ Այնտեղ ուղիղ հանձնարարություններ են տրվում ՀՀ վարչապետի կողմից, ընդ որում, այս հանցագործությունով իրենք եթե իրենք հարուցում են քրեական գործ, ուրեմն այս առումով որպես լրացուցիչ օբյեկտ պետք է լինի նաեւ տուժող։ Գուցե այստեղ մի օր վարչապետին ճանաչեց տուժող, բայց պարզվում է՝ տուժողը ցուցումներ էր տալիս, որպեսզի իրավապահ մարմինները կոնկրետ գործողություններ կատարեին»։

Պաշտպան Սարգսյանը հայտնեց, որ քննիչները դատարան էին բերել տեսանյութեր, որպեսզի ապացուցեն՝ Զաքարյանը կատարել է հանցագործություն, բայց պաշտպանների պնդմամբ՝ չի ստացվել ապացուցել. «Տեսանյութերում երեւում է, որ հանցագործություն չի անում, մի բան էլ հանդարտեցնում է վիճաբանող անձանց։ Որպեսզի վերածեն ապացույցի, ոստիկանության որոշ աշխատակիցներ այս տեսանյութի զննության ժամանակ հայտարարում են հետեւյալ, ասում են՝ ճիշտ է, բռնություն չի գործադրում, չի միջամտում, ակտիվ գործողություններ չի անում, բայց ինքն այնտեղ կանգնած՝ իր գործողություններով ավելի շատ նպաստում էր, որ շարունակվի դա։ Քանի որ ոստիկանությանը հանձնարարություն էր տրվել կոշտ եւ արագ բացահայտել, պետք է ոստիկանները վերածվեին վկաների։ Բավականին երկար ժամանակ վերացել էր այս պրակտիկան, որ ոստիկանների միջոցով ցուցմունքներ էին ստեղծվում։ Ոստիկանները հայտնվելով վկաների դերում՝ նրանց նախազգուշացնում են, որ դուք պարտավոր եք ցուցմունք տալ, ու սկսում են սուբյեկտիվ կարծիքներ հայտնել»։

Երեմ Սարգսյանը հայտնեց, որ իրենք ներկայացրել են դատարանին տեսանյութ այն մասին, որ Զաքարյանը որեւէ անօրինական գործողություն չի կատարել։

Պաշտպանները նկատեցին, որ վարույթն իրականացնող մարմինը կալանավորման միջնորդություն է ուզում ներկայացնել։

Անդրադառնալով ԱԱԾ տնօրենի այն գրությանը, որում նշված է, որ Մեղրիով Ադրբեջանին ուղիներ տրամադրելու հարցը լուրջ մտահոգություն է առաջացրել տարածաշրջանի բնակչության շրջանում, եւ նրանք այդ հարցում մեղադրում են ՀՀ վարչապետ Փաշինյանին, ինչը որոշ մարդկանց շրջանում առաջացրել է նաեւ խիստ հուզումնալից վիճակ՝ պաշտպաններից Գայանե Պապոյանն ասաց.

«Նույն գրության մեջ նշված է, որ այս պատճաբանությունից ելնելով բնակչության մեծ մասը ինքնաբուխ ակցիա է կազմակերպել։ «Ինքնաբուխը» նշում է, բայց չգիտես՝ ինչու Զաքարյանին վերագրում են այդ ինքնաբուխ ակցիայի կազմակերպումը»։