Սաուդյան Արաբիան կարգելի թագավորության միջոցով լիբանանյան մրգերի եւ բանջարեղենի ներմուծումը, քանի որ այդ մատակարարումներն ավելի ու ավելի շատ են սկսել օգտագործվել թմրանյութերի մաքսանենգության համար: Արգելքն ուժի մեջ կմտնի ապրիլի 25-ին` կիրակի օրը: Այն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ լիբանանյան իշխանությունները երաշխիքներ չեն տրամադրել դադարեցնել «թագավորությանն ուղղված համակարգված մաքսանենգությունը», փոխանցում է AP-ն:

Լիբանանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ տեղյակ է այս որոշման մասին` նշելով, որ թմրանյութերի մաքսանենգությունը «վնաս է հասցնում լիբանանյան տնտեսությանը, լիբանանցի ֆերմերներին եւ երկրի հեղինակությանը»: Արտաքին գործերի նախարարությունը Լիբանանի մաքսային մարմիններին կոչ է արել ուժեղացնել երկրից դուրս եկող ապրանքների ստուգումները:

Որոշումը հարված է հասցրել լիբանանյան տնտեսությանը, որտեղ գյուղատնտեսական արտադրանքի արտահանումն արտարժույթի հիմնական աղբյուրն է լիբանանյան կառավարության համար: Լիբանանն արդեն բախվել է իր նորագույն պատմության մեջ ամենածանր տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամին: Վերջին ամիսներին տեղական արժույթը դոլարի նկատմամբ կորցրել է իր արժեքի 85 տոկոսը, բիզնեսները փակվել են, մինչդեռ բանկերը ոչ պաշտոնական վերահսկողություն են սահմանել փոխանցումների եւ միջոցների դուրսբերումների նկատմամբ: