Բրուքլինի դաշնային դատախազությունը մեղադրանք է ներկայացրել նախկին Խորհրդային Միությունից երեք հոգու՝ փողեր լվանալու նպատակով արտասահմանյան բանկերից ավելի քան 30 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ փող ու իրեր հափշտակելու համար, հաղորդում է BBC-ն:
56-ամյա Վել Կուպերին (նույն ինքը՝ Վել Կոնոն եւ Վալերի Կոնոնենկո), որը ապրում է Սթեյթեն Այլենդում, եւ բրուքլինցիներ 52-ամյա Ալեքս Լեւինին ու 49-ամյա Հարի Սմիթին (նույն ինքը՝ Իգոր Բերք եւ Իգոր Բերկովիչ) մեղավոր ճանաչելու դեպքում սպառնում է մինչեւ 20 տարվա ազատազրկում եւ հանցավոր գործունեության հետեւանքով ստացված գույքի բռնագրավում:
Այս գործունեությունն այնքան ինքնատիպ է եղել, որ, ըստ ամերիկյան մի հրատարակության, լավ հոլիվուդյան սցենար կարող էր լինել: Մեկ ուրիշը գրել է «հանցագործությունների խելահեղ մեխանիկայի» մասին, որոնք օգտագործել է էմիգրանտների եռյակը։
Ինչպես ասվում է ինը էջանոց մեղադրական եզրակացության մեջ, 2015 թվականի մարտից մինչեւ 2019 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում երեք ամբաստանյալները եւ նրանց չհիշատակված հանցակիցները վարձույթով տրվող անհատական բանկային պահատուփերից գողացել են կանխիկ գումար, ոսկու ձուլակտորներ, թանկարժեք իրեր եւ այլ գույք: Մեղադրյալները ոչ թե կոտրել են դրանք, այլ բացել են իրենց հանցակիցների պատրաստած բանալիների պատճեններով:
Նրանք պահատուփերը վարձակալել են արտասահմանյան բանկերի ոչ մեծ մասնաճյուղերում, որտեղ տեսախցիկները չէին տեսնում ներսի որոշ հատվածները:
Հանցագործները լուսանկարել են այլ մարդկանց սեյֆերի կողպեքները՝ օգտագործելով գերժամանակակից սարքավորումներ, մասնավորապես՝ բորոսկոպներ, այսինքն՝ փակ խոռոչների հետազոտման սարքեր, եւ նկարները փոխանցել են իրենց հանցակցին, որը պատրաստել է բանալիների պատճենները:
Ամբաստանյալներն ու նրանց հանցակիցները աշխատել են այնպիսի երկրների բանկերում, ինչպիսիք են Ռուսաստանը, Ուկրաինան, Հյուսիսային Մակեդոնիան, Մոլդովան, Լատվիան, Ուզբեկստանը եւ Ադրբեջանը: Դատական մի փաստաթղթում նշված է նաեւ Ֆրանսիան:




























