Եվրահանձնաժողովը (ԵՀ) երկուշաբթի պաշտոնապես հաստատել է, որ դատական հայց է ներկայացրել AstraZeneca-ի դեմ՝ԵՄ պատվաստանյութերի մատակարարման պայմանագիրը խախտելու համար: Այս մասին երկուշաբթի Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ստեֆան Դե Կիրսմայքերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Եվրահանձնաժողովն ուրբաթ դատական հայց է ներկայացրել AstraZeneca-ի դեմ՝ պատվաստանյութերի նախնական պատվերի համաձայնագրի խախտման համար: Պայմանագրի որոշ դրույթներ չեն պահպանվել, եւ ընկերությունը չի կարողացել ժամանակին իրականացնել մատակարարումը»,- ասել է նա:

«Մեզ համար շատ կարեւոր է, որպեսզի զգալի քանակությամբ դեղաչափերի արագ մատակարարումներ լինեն, որոնք ԵՄ քաղաքացիներն իրավունք ունեն ստանալու պատվաստանյութերի նախնական պատվերների պայմանագրով, ուստի Եվրահանձնաժողովն իր հայցը ներկայացրել է իր եւ ԵՄ 27 երկրների անունից»,- ասել է նա:

Առաջին եռամսյակում AstraZeneca-ն ԵՄ-ին ավելի քան 40 միլիոն դեղաքաչափ է մատակարարել` պայմանագրային 120 միլիոն դեղաչափի փոխարեն: ԵՄ մի շարք երկրներ պատվաստումների պակասի պատճառով ստիպված եղան վերանայել պատվաստումների իրենց ազգային պլանները: