Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ 16 դաշնային հողերի նահանգապետները քննարկել են, թե արժի՞ արդյոք COVID-19-ի դեմ լիարժեք պատվաստված մարդկանց ազատել վիրուսի տարածումը զսպող որոշ սահմանափակումներից, հաղորդում է AP-ն:

Պատվաստվածների համար հատուկ արտոնությունների հարցը բուռն քննարկվում է ինչպես Գերմանիայում, այնպես էլ այլ երկրներում:

Ոմանք պնդում են, որ դա անարդար է նրանց նկատմամբ, ովքեր դեռ չեն հասցրել պատվաստվել: Մյուսներն ասում են, որ քաղաքացիական ազատությունների սահմանափակումները արդարացված են, քանի որ մարդիկ վտանգ են ներկայացնում ուրիշների համար:

Գիտնականները ասում են, որ չնայած պատվաստանյութերը զգալիորեն նվազեցնում են լուրջ հիվանդությունների փոխանցման ռիսկը, սակայն դեռ պարզ չէ՝ կարո՞ղ են արդյոք պատվաստված մարդիկ վիրուս տարածել: