Բանակցային գործընթացը միայն բնակցությունները չեն, բավական մեծ ծավալի աշխատանք արվում է մինչեւ բանակցություններ սկսելը: Այս մասին, այսօր՝ մայիսի 24-ին, «Հայաստան» դաշինքի Արմավիրի ակտիվի հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը:
«Ես 10 տարվա ընթացքում չեմ ստացել որեւէ առաջարկ, որն ինձ համար անակնկալ լիներ եւ որի շուրջ կանխավ բանակցած չլինեինք: Բանակցային գործընթացը, եթե դու առանց որեւէ բագաժի, առանց տնային աշխատանքի գալիս ես, նստում ես եւ չգիտես, թե ինչ է լինելու, դա բանակցային գործ չի, դու կարող ես հայտնվել մշտապես հիմար իրավիճակներում: Մեծ աշխատանք է պահանջում, այդպես է պետք պատրաստվել, դրա համար կա ԱԳՆ, կան անձնական կապեր, կա խոհանոցային աշխատանք, կա մեծ ծավալի աշխատանք, որը չի երեւում, բայց արվում է: Պետք է ամբողջ մեխանիզմները գործի դնենք, ուրիշ ձեւ չկա աշխատելու: Սա այն է, ինչ այս իշխանությունը չի տիրապետում: Գնում նստում են, ասում են՝ զրոյական կետից եմ սկսելու, հետո թուղթ են բերում, ասում է՝ էս թուղթը չեմ ուզում, լավը չի, ուրիշ թուղթ են բերում, ասում է՝ էս թուղթն էլ չեմ ուզում: Ուրիշ թուղթ են բերում, ասում է՝ բա ստեղ ինչ է գրված, սրա պարզաբանումը տուր: յդպես չի լինում, դու արդեն պետք է իմանաս, թե ինչ թուղ էթ գալու եւ արդեն այդ թղթի որակի վրա որոշակի ազդեցություն ունեցած լինես: Այդ ժամանակ դու չես հայտնվում մի վիճակում, երբ դու անընդհատ մերժող ես, դեստրուկտիվմ, խոչընդոտ ստեղծող»,-ասաց Քոչարյանը:
Նրա խոսքով, ընդհանրապես, կառավարությունը պրոբլեմ լուծող մարմին պետք է լինի, իսկ մեր կառավարությունը պրոբլեմ ստեղծող մարմն է դարձել արդեն քանի տարի. «Այսպես չի լինում այդպես: Եթե մի ընտանիքում մեկը անընդհատ պրոբլեմ ստեղծող է լինում, վերջը այդ ընտանիքն է քայքայվում»,-ընդգծեց Քոչարյանը:











