Բնականաբար, ՀԱՊԿ-ի արձագանքը մեզ չի բավարարում, մենք ակնկալում ենք, որ ՀԱՊԿ-ն աներկբա հայտարարություններ եւ գործողություններ անի եւ թուրք-ադրբեջանական զորքը այդտեղից դուրս շպրտվի առանց նոր էսկալացիաների, այսինքն խաղաղ բանակցությունների միջոցով: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա հավելեց, որ իրենք ՀԱՊԿ-ի ներսի տեղեկատվությանը չեն տիրապետում, թե ինչ են այնտեղ խոսում. «Մեր պահանջը հետեւյալն է. առանց նոր պատերազմ հրահրելու այդ զինուժը դուրս բերել ՀՀ սուվերեն տարածքից: Այո, ես ասել եմ, որ ճիշտ է բանակցային ֆորմատը, հստակ միջազգային ճնշում ձեւակերպելով, այդ թվում ռազմավարական դաշնակցի կողմից, ՀԱՊԿ-ի կողմից, Ֆրանսիան է հայտարարություն արել, այդ ձեւով այդ զորքին էդտեղից դուրս հանել»,-ասաց Մարուքյանը:
Հարցին, թե ինչու է ՌԴ-ն անգործության մատնված, ինչու քայլեր չի ձեռնարկում, նա պատասխանեց. «ՀԱՊԿ-ում հարուցվել է վարույթ, քննարկվում է: Ես կարող եմ ասել, որ ՀԱՊԿ ԽՎ-ում ՌԴ պետդումայի նախագահի հետ հանդիպման ժամանակ ասել եմ, որ ՀԱՊԿ-ը պետք է հստակ արձագանք տա եւ ստացել եմ պատասխան, որ այո, ճիշտ եք ասում: Քան ի դեռ այդ զորքերը գտնվում են մեր տարածքում, որեւէ բան մեզ չի կարող բավարարել»:











