Հայաստանի Ազգային ժողովը մայիսի 26-ին, դժվարությամբ քվորում ապահովելով եւ վերսկսելով աշխատանքը, հարգանքի տուրք մատուցեց հանրապետության տարածք ադրբեջանական զորքերի ներթափանցման հետեւանքով սպանված զինծառայողի հիշատակին։
Հիշեցնենք, որ նախօրեին, հայ զինծառայողների եւ Հայաստանի սահմանը հատած ադրբեջանական կազմավորումների միջեւ տեղի ունեցած միջադեպի ժամանակ սպանվել էր պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ.Յու. Խուրշուդյանը (ծնվ. 1989թ.)։
Նշենք, որ ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից գտնվում են Հայաստանի Սյունիքի մարզի Սեւ լճի շրջանում՝ փորձելով ամրապնդվել այստեղ ի հաշիվ հայկական տարածքների։ Նման իրավիճակ է ստեղծվել նաեւ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի ուղղությամբ։











